Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։16

Ա. Լոպուխին

«Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և գրի՛ր նրա վրա. «Հուդային և նրա դաշնակից Իսրայելի որդիներին»․ և մի գավազա՛ն էլ վերցրու և գրի՛ր նրա վրա. «Հովսեփին»․ դա Եփրեմի և նրա դաշնակից Իսրայելի ամբողջ տան գավազանն է»։ [16] (Սինոդական թարգ․)
   
    «Գավազան» - եբրայեցերենում՝ «էց» - «ծառ» (Վուլգաթայում՝ «lignum»), իսկ մեկ ձեռքով երկու այդպիսի ծառափայտ գրկելու պարագայում, անհրաժեշտաբար, մենք պետք է գործ ունենանք միայն գավազանների հետ։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ նաև Թվոց 17:16-րդ և հաջորդող համարները, ուստի և Յոթանասնից թարգմանությունը լիովին իրավասու է, երբ գործածում է հենց «գավազան» բառը:
   «Եվ նրա դաշնակից Իսրայելի որդիներին» - այսինքն՝ Բենիամինին, Սիմոնին, մասամբ էլ՝ Ղևին, և գուցե նաև հարավային թագավորությունում տարբեր ժամանակներում ապաստանած ներգաղթյալներին։
«Հովսեփին» - նա այստեղ անվանապես հիշատակվում է Եփրեմի փոխարեն, որպեսզի այդպիսով նա, որպես եղբայր, հակադրության մեջ դրվի Հուդայի հետ։ Ուստի այժմ հենց այդպես է բացատրվում «Եփրեմի» մասին հիշատակությունը։
   «Իսրայելի ամբողջ տան» - որը, իսկապես, իր ճնշող մեծամասնությամբ հնազանդվում էր Եփրեմին։ Յոթանասնից թարգմանության մեջ դարձյալ՝ «որդիներին» (եբրայեցերենում նույնահունչ է «տուն» բառի հետ):

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գաւազա՛ն վերցրու եւ դրա վրայ գրի՛ր՝ Յուդային, Իսրայէլի զաւակներին ու նրանց մերձաւորներին: Մի երկրորդ գաւազան էլ կը վերցնես ու վրան կը գրես՝ Յովսէփին, մի գաւազանի վրայ էլ՝ Եփրեմին եւ Իսրայէլի բոլոր զաւակներին, որ աւելացել են նրանց վրայ:
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ դու քեզ գաւազան մի, և գրեա՛ ‘ի նմա զՅուդա և զորդիսն Իսրայէլի զմերձաւորս նորա։ Եւ առցես քեզ գաւազան երկրորդ, և գրեսցես ‘ի նմա զՅովսէփ՝ և զգաւազանն Եփրեմի. և զամենայն որդիսն Իսրայէլի զյաւելեալսն ‘ի նոսա: