Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։1

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
   

   Գոգի ներխուժումը: Ընտրյալ ժողովրդի՝ հետագայում գերությունից վերադառնալու և ավետյաց երկրում նրանց երջանիկ կյանքի մասին մյուս մարգարեները մեծավ մասամբ չեն խոսում Իսրայելին վերաբերող իրենց կանխատեսումների մեջ: Այնպիսի մի էսխատոլոգի (վախճանաբանի) պարագայում, ինչպիսին Եզեկիել մարգարեն էր, նրա մարգարեական հայացքը բնականորեն ավելի ու ավելի խորքերն է թափանցում և հետևում Իսրայելի ճակատագրի ընթացքին՝ մինչև նրա վրա Աստծո բոլոր խոստումների վերջնական իրականացումը: Սակայն այդ խոստումների իրականացումն անհնար է, քանի դեռ հեթանոսական աշխարհը երկրի վրա իրենից հզոր ուժ է ներկայացնում. մշտապես էլ հնարավոր է, որ հեթանոսական աշխարհը վերսկսի պայքարն Աստծո ժողովրդի դեմ: Ահա թե ինչու Աստծո ընտրյալ ժողովրդի լիակատար բարգավաճման համար անհրաժեշտ է, որ հեթանոսական աշխարհը լիովին թուլանա։ Բացի այդ, ընտրյալ ժողովրդի՝ գերությունից վերադարձով և ավետյաց երկրում հաստատվելով Աստծո անվան պատիվն ամբողջությամբ չի վերականգնվի և նրանից ամբողջությամբ չի մաքրվի այն ամոթը, որին Տերը ենթարկվել էր ազգերի աչքերի առջև՝ Իսրայելի նվաստացման պատճառով։ Իսկ ահա Աստծո անվան փառքը, ըստ Եզեկիելի տեսակետի, հիմնականում որոշարկվում է աշխարհի հանդեպ Աստծո վերաբերմունքով: Այդ մեծ անվան վերջնական փառաբանումը կամ, որ նույնն է, հեթանոսների կողմից Յահվեին որպես Աստված ճանաչելը պահանջում է երկրի վրա Աստծո փառքի մի նոր և վերջին անգամյա բացահայտում։ Դա պետք է լինի նախկինում նմանը չունեցող մի բացահայտում, որի նախատիպը մինչև այժմ չի եղել, և դա պետք է տեղի ունենա հեթանոսական աշխարհի վճռական թուլացման միջոցով՝ այն աստիճան, որ երկրի վրա այդ հեթանոսական աշխարհի լիակատար կործանումը շատ մոտ լինի։ Այնպիսի մի թուլացում, որը կվերացնի որևէ մեկի մեջ մնացած ամենավերջին կասկածն անգամ Աստծո անվան բացառիկ, եզակի մեծության նկատմամբ: Երկրի վրա Աստծո հանդեպ թշնամաբար տրամադրված աշխարհի՝ Աստծո արքայության դեմ այս վերջին պայքարը, մի պայքար, որը պիտի ավարտվի հեթանոսական աշխարհի լիակատար թուլացումով, եթե ոչ՝ ամբողջական կործանումով, նկարագրվում է 38-րդ և 39-րդ գլուխներում՝ Գոգի գլխավորությամբ ամենահեռավոր և բազմազան ժողովուրդների՝ նոր Իսրայելի դեմ մղած պատերազմի պատկերի ներքո:

   Բնական է, որ այդ պայքարը, որը Նոր Կտակարանում ավելի շատ պատկերված է հոգևոր տեսանկյունից՝ որպես նեռի (հակաքրիստոսի) և նրա կեղծ ուսմունքների պայքար Քրիստոսի և Նրա ճշմարտության դեմ, հինկտակարանյան մարգարեի կողմից (ով ստեղծագործել է համատարած արյունալի պատերազմների և գաղափարական առումով տկար պայքարի մի ժամանակաշրջանում) ներկայացվում է պատերազմի տեսքով։ Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ այստեղ ներկայացված պատկերի բոլոր հատկանիշները միայն խորհրդանշական նշանակություն ունեն և միայն հոգևոր բնույթի կիրառություն են պահանջում։ Շատ հնարավոր է, որ Եզեկիել մարգարեն նյութական տեսանկյունից պատկերում է այն նույն պայքարը, որը Նոր Կտակարանը նկարագրում է հոգևոր և գաղափարական տեսանկյունից: Երկրի վրա հոգևոր ամեն բան այնքան սերտորեն է կապված մարմնականի և ֆիզիկականի հետ, որ ոչ մի պայքար չի կարող զուտ հոգևոր լինել: Ինչպես որ վերջին գլուխներում տեղ գտած բոլոր կանխասացությունների պարագայում էր, այս 38-րդ և 39-րդ գլուխներում նույնպես Եզեկիել մարգարեն առաջին հերթին խորհում է հետգերության շրջանում Իսրայելին սպասվող ճակատագրի, նրա (Իսրայելի) կողմից իր ազգային արժեքների ու հավատքի իսկապես հերոսական պաշտպանության մասին, պաշտպանություն, որը մղվում էր ընդդեմ իրենից ֆիզիկապես անսահմանորեն ավելի ուժեղ հեթանոսական աշխարհի։ Եվ չնայած որ այդ հեթանոսական աշխարհն Իսրայելին ճնշում էր բոլոր կողմերից, այդուամենայնիվ, սակայն, այն անկարող եղավ ոչնչացնելու այս փոքրիկ ժողովրդին, որն ի վերջո (ի դեմս քրիստոնեության) վճռական հաղթանակ տարավ հեթանոսության նկատմամբ․․․

   Սույն 38-րդ գլխում տեղ գտած խոսքը, ներածությունից (1-2-րդ համարներ) բացի բովանդակում է ևս երեք հատվածներ․ 2-9-րդ համարները զարգացնում են այն միտքը, որ, ըստ էության, Ինքը՝ Յահվեն է վերջին օրերին Գոգին «հրավիրելու» Իր երկիր (ասես Գոգի կամքին հակառակ), որպեսզի նրա կործանման միջոցով ցույց տա Իր ամենակարողությունը։ Այս հատվածին զուգահեռ 10-16-րդ համարներում (հմմտ․ 9-րդ և 16-րդ համարներ) փաստվում է, որ մյուս կողմից էլ՝ Գոգն ինքն է «դյութվելու» իր ավարառության ծարավից։ Իսկ ահա 17-23-րդ համարներում էլ խոսվում է Գոգի պատժի, դրա՝ մարգարեական կանխատեսումներին համապատասխանելիության և աշխարհի վրա այդ պատժի թողած տպավորության մասին, որի միջոցով էլ հենց աշխարհը ճանաչելու է Յահվեին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.