Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։13

Ա. Լոպուխին

««Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի նրանց, և նրանց համար հայտնի պիտի լինի այն օրը, երբ Ես կփառավորեմ ինձ», - ասում է Տեր Աստված»։ [13] (Սինոդական թարգ․)
   
    Դիակները թաղելու, ավելի ճիշտ՝ երկրի երեսից դրանք հեռացնելու գործն ակնհայտորեն վերապահվում է ոչ թե քահանաներին, որոնց օրենքը շատ մեծ հոգածությամբ «հեռու է պահում» այդ ձևով պղծման ենթարկվելուց (Եզեկ․ 44:25), այլ «հասարակ ժողովրդին» («երկրի ամբողջ ժողովուրդը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 7:27-րդ և 12:19-րդ համարների բացատրությունը)՝ ժամանակների վախճանի աստվածապետության ներկայացուցիչներին: Այս ամբողջ «դասակարգը» պետք է զբաղվի հուղարկավորության այդ խնդրով։ Քանի որ այդպիսով ժողովուրդն իրականացնելու է Սուրբ Երկրի մաքրագործումը (տե՛ս նախորդ համարի բացատրությունը), ուստի այս գործողությունն այն կատարողների կողմից փառաբանություն մատուցելու միջոց կլինի («և նրանց համար հայտնի պիտի լինի այն օրը», սլավոներենում՝ «և նշանավոր կլինի նրանց համար»)։ Այն ժողովրդին հաղորդակից կդարձնի Գոգի նկատմամբ տարած հաղթանակի փառքին, հաղթանա՛կ, որն իրագործողը միայն Ինքը՝ Աստված է լինելու:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները: Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես փառաւորուելու եմ, - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) թաղեսցեն զնոսա ամենայն ժողովուրդք երկրին. և եղիցի նոցա անուանի օրն յորում փառաւորեցայց ՝ ասէ Տէր Տէր։