Ա. Լոպուխին
«Եվ քեզ համար երկաթե մի տախտա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, ու երեսդ դարձրո՛ւ դեպի այն, և այն թող պաշարման մեջ լինի, ու դու նրան պաշարի՛ր. սա մի նշան կլինի Իսրայելի տան համար»։ (Սինոդական թարգ․)[3]
«Երկաթե մի տախտակ» - ավելի ճիշտ, ինչպես սլավոներենում է՝ տապակ, որի մեջ, օրինակ, ալյուրի բաղարջը թխվում էր՝ յուղի մեջ տապակվելով (Ղևտ․ 2:5): Մարգարեին հրամայվեց օգտագործել հենց դա, քանի որ երկաթե իրերն ամենից ավելի հասանելի էին, ձեռքի տակ էին գտնվում՝ լինելով յուրաքանչյուր տանը: Երկաթե այդ տախտակը կարող էր լավագույնս պատկերացում տալ մարգարեի՝ Աստծո ներկայացուցչի, և աղյուսի վրա պատկերված քաղաքի միջև առկա երկաթե պատնեշի մասին։ Դրանից հետևում է, որ Յահվեի և Նրա սուրբ քաղաքի միջև երկաթի նման անհաղթահարելի մի ամբողջ պարիսպ է առաջացել, ինչը վկայում է Երուսաղեմի նկատմամբ Աստծո որոշումների անխափանության ու անխուսափելիության մասին (Հերոնիմոս Երանելի և Թեոդորետոս), և գուցե վերաբերում է նաև դրանց պատճառներին՝ մարդկանց մեղսավորությանն ու կարծրասրտությանը (Կիմխի՝ «կոշտ և սև մեղքեր»): Այդ միևնույն տախտակը կարող էր մատնացույց անել նաև Երուսաղեմի շուրջ կատարվող պաշարման աշխատանքները, որոնք անխուսափելի էին դարձնում քաղաքի անկումը։ Նեմրութի և Կույունջիկի հարթաքանդակների վրա պատկերված են պաշարումների տեսարաններ, որոնց վրա հանդիպում են 2-րդ համարում հիշատակված բոլոր առարկաները և միևնույն ժամանակ ասես գետնի վրա ամրացված մեծ վահաններ, որոնց հետևում նետեր էին քողարկված (Layard, Nineveh II, 345):
«Ու երեսդ դարձրո՛ւ դեպի այն» (հմմտ. Սաղմ. 24:17 և այլ տեղիներ) – Ասել է թե՝ ուշադիր նայի՛ր դրան՝ առանց աչքերդ թարթելու, լեցուն անխոնջ վրդովմունքով՝ «խիստ դատավորի խստաշունչ և անողոք դեմքով, այնպիսի մի դատավորի, որը հաստատակամ լինելով իր ընդունած որոշման մեջ՝ անկոտրում հայացքով նայում է մեղավորին» (Հերոնիմոս Երանելի):
«Ու դու նրան պաշարի՛ր» - Որպես Աստծո ներկայացուցիչ՝ մարգարեն ինքն այժմ պիտի պաշարեր քաղաքը: Ուրիշ ոչ ոք, այլ միայն Ինքը՝ Յահվեն պիտի պաշարի քաղաքը, իսկ թշնամական զորքը միայն գործիք է, որի միջոցով կատարվում է Տիրոջ կամքը (Եզեկ․ 27:6, 43:10, Երեմ․ 25:9, 27:6, 43:10)։ Այդպես նաև հին շրջանի մարգարեներն էին պատկերացում կազմում թշնամու հարձակման մասին՝ այդպիսով հակադարձելով ժողովրդական այն տեսակետին, համաձայն որի՝ Յահվեն չէր կարող Իրեն առանձնացնել ժողովրդից։
«Սա մի նշան կլինի Իսրայելի տան համար» - Այս խորհրդանշական «պաշարումն» ազդարարում է Երուսաղեմին սպառնացող ճակատագրի մասին։ Այստեղ Իսրայելի տուն է կոչվում միայն Հուդայի թագավորությունը, քանի որ Իսրայելի թագավորության անկումից հետո միայն Հուդայի թագավորությունն էր իր մեջ բովանդակում ողջ ազգին (հմմտ․ Բ Մնաց․ 35:18, 30:1, 21:2, Ես․ 48:1): Այդ նույն իմաստով Եզեկիելն օգտագործում է այս անվանումն ավելի վերևում՝ 3:7-րդ և 17-րդ համարներում, ու նաև հետագայում՝ 5:4-րդ, 8:6-րդ համարներում և այլ տեղիներում։ Այս գործածությունից մարգարեն միայն մեկ անգամ է «խույս տալիս»՝ հենց այս հատվածում՝ 4-րդ և 5-րդ համարներում։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Քեզ համար երկաթէ մի վահան կ՚առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ: Դէմքդ էլ կ՚ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի: Իսրայէլի զաւակների նշանն է դա:
(Արարատ թարգ․) Եվ դու քեզ համար երկաթե մի տապա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, դեմքդ ուղղի՛ր դեպի նրան, և այն թող պաշարման մեջ լինի, և դու նրան պաշարի՛ր. սա մի նշան է Իսրայելի տան համար։
(Գրաբար) Եւ առցես դու քեզ տապա՛կ երկաթի, և կանգնեսցես զնա իբրև զպարի՛սպ երկաթի ընդ քեզ և ընդ քաղաքն. և պատրաստեսցես զերեսս քո ‘ի վերայ նորա, և եղիցի ‘ի պաշարումն, և պաշարեսցես զնա. զի ա՛յն նշանակ է որդւոցն Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: