Ա. Լոպուխին
«Դարպասի մուտքի լայնությունը նա չափեց տասը կանգուն, իսկ դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն»։ [11] (Սինոդական թարգ․)
«Իսկ դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն» - դարպասի երկարություն ասելով՝ այստեղ չի կարելի հասկանալ ամբողջ դարպասային կառույցի երկարությունը (շեմերով, մուտքով և սյունասրահով հանդերձ), քանի որ այն, ըստ 15-րդ համարի, ոչ թե 13, այլ 50 կանգուն էր։ Հետևաբար, այս հատվածը հարկ է ընթերցել Յոթանասնից թարգմանության համաձայն՝ «դարպասի լայնությունը երեսուն կանգուն էր»։ Դարպասի բացվածքի լայնությունը շատ բնականորեն համապատասխանում է բացվածքի կամ միջանցքի ընդհանուր լայնությանը, որն այսպիսով մուտքի բացվածքի լայնությունից 3 կանգուն ավելի մեծ էր։ Յոթանասնից թարգմանության տարընթերցման ճշմարտացիությունը («օրեկ» - «երկարություն» բառի փոխարեն նրանք տարընթերցում են «դերեկ» - «ճանապարհ») հաստատվում է նրանով, որ, համաձայն նաև սույն գլխում առկա այլ տվյալների, այդ բացվածքի լայնությունը պետք է լինեն հենց այդպիսին. դարպասային ամբողջ կառույցի (բացվածքով և կողային երկու սենյակներով) լայնությունը, 13-րդ համարի համաձայն (Յոթանասնից թարգմանության մեջ այն ավելի պարզ է), 25 կանգուն է։ Այստեղից «կրճատելով» 2 սենյակը՝ յուրաքանչյուրը 6 կանգուն, ստանում ենք 13 կանգուն լայնություն։ Ճիշտ է, սենյակների հետևում նույնպես պատ կար, որի՝ մեզ համար անհայտ հաստությունը պետք է առավել նվազեցներ մեր այս չափման վերջնարդյունքը (հնարավոր է մինչև իսկ 2 կանգունով), սակայն բացվածքը կարելի էր չափել ոչ թե սենյակների առջևի պատերի, այլ միջնորմների՝ սենյակները բաժանող սյուների միջև («սյուներ»՝ ըստ 10-րդ համարի)։ Այդ հատվածում բացվածքի լայնությունն ավելի մեծ էր, քան սենյակների միջև եղած լայնությունը, քանի որ վերջիններս ունեին ելուստ-պատեր։ Այս ելուստների մասին է խոսում հաջորդող 12-րդ համարը՝ դրանով իսկ սահմանափակելով 11-րդ համարի երկրորդ կեսի տվյալները։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Դռան մուտքի լայնութիւնը չափեց տասը կանգուն, երկարութիւնը՝ տասներեք կանգուն:
(Արարատ թարգ․) Եվ չափեց դարպասի մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն։
(Գրաբար) Եւ չափեաց զլայնութիւն մտից դրանն ի տասն կանգնոյ, և զերկայնութիւն դրանն յերեքտասան կանգնոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: