Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։17

Ա. Լոպուխին

«Եվ նա ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա այնտեղ սենյակներ կային, ու գավթի համար շուրջբոլորը քարահատակ էր շինված. երեսուն սենյակ՝ այդ քարահատակի վրա»։ [17] (Սինոդական թարգ․)
   
   Այժմ մարգարեին ցույց տրվեց տաճարի արտաքին գավիթը: Քանի որ մարգարեն մինչ այս պահը գտնվում էր արևելյան դարպասի դիմաց, ուստի այժմ նա բերվում է (պետք է որ՝ հենց արևելյան դարպասի միջով, ինչպես 32-րդ համարում էլ նա դուրս էր եկել այդ դարպասից) այս գավիթ։ Ո՞ւմ կողմից է նա տարվում՝ հրեշտակի՞, թե՞ Աստծո, ինչպես Եզեկիելի մարգարեության 40:3-րդ համարում, - այդ մասին ոչինչ չի ասվում, - ինչը, հավանաբար, կատարվում է միտումնավորաբար, որովհետև այս «տեղափոխությունը» ներքին բնույթ ուներ, և մարգարեն չէր կարող զատորոշել իրեն տեղափոխողին: Այս գավիթը համապատասխանում էր ոչ թե Հերովդեսի տաճարի առաջին՝ հեթանոսների գավթին, այլ այս տաճարի հաջորդ՝ կանանց գավթին, ​​քանի որ հեթանոսներին առհասարակ արգելված էր մուտք գործել Եզեկիելի տաճար. ահա թե ինչու, հավանաբար, այս գավիթը Յոթանասնից թարգմանության մեջ կոչվում է «ներքին գավիթ»: Այս գավիթը շրջապատված էր սենյակներով, այսինքն՝ առանձին տնակներով (եբրայեցերենում՝ «լեմակոտ», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «pastoforia» - «մատուռներ», սլավոներենում ստույգ չէ՝ «պատնեշ»), որոնք գտնվում էին արտաքին պատի մոտ՝ քարե հարթակի վրա (եբրայեցերենում՝ «ռիցեռա»․ բացի այս համարը՝ կիրառված է միայն Բ Մնաց․ 7:3-րդ, որին համարժեք՝ Դ Թագ․ 16:17-րդ և Եսթեր 1:7-րդ համարներում, բայց հունարենում առկա է «peristula» - «սյունաշար» տարընթերցումը, սլավոներենում՝ «միջնասյուն»), որոնք, իհարկե, պատրաստված էին հավասարազոր քարե սալիկներից, որոնք ձգվում էին արտաքին գավթի պատի ողջ երկարությամբ։ Ընդհանուր առմամբ կային 30 սենյակներ, սակայն թե ինչպես են դրանք բաշխվել գավթի պատերի երկայնքով, այդ մասին ոչինչ չի նշվում․․․ Այդ սենյակները կարող էին ծառայել որպես պահեստներ՝ տաճարի որոշ պարագաներ այնտեղ պահելու համար (այստեղից էլ այդ սենյակների անվանումը Վուլգաթայում՝ «gazophylacia»)։ Բայց քանի որ ներքին գավթում կային հատուկ սենյակներ՝ քահանայական պարագաների համար, և զոհաբերությունների մասերը պահելու համար քահանաներին սենյակներ էին հատկացված ներքին գավթում (44-րդ համար, 42-րդ գլուխ, 44:10-րդ, 46:19-րդ համարներ և այլն), ուստի ներկայիս սենյակները պետք է որ նախատեսված լինեին հասարակ ժողովրդի և նրանց կողմից կատարվող զոհաբերությունների ճաշկերույթների համար։ Սողոմոնյան և երկրորդ տաճարում ազնվական մարդիկ տաճարին հարող այդպիսի սենյակներ ունեին՝ յուրաքանչյուրն առանձին (Դ Թագ․ 23:11, Երեմ․ 35:4, 36:10, Եզեկ․ 10:6, Նեեմ. 13:4 և այլն, հմմտ. Եզեկ․ 8։8 և հաջորդող համարները)։ Այստեղ չի նշվում, որ այդ տնակ-սենյակներն ունեին մի քանի հարկ և որ դրանք հագեցած էին պատկերասրահներով (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «peristula»), ինչի մասին խոսվում է ներքին գավթի այսօրինակ սենյակների նկարագրության մեջ (42:3, 6
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նա ինձ ներքին գաւիթը տարաւ: Ահա տեսայ դահլիճներ՝ սիւներով շրջանակուած, որոնք շինուած էին սրահների շուրջը: Շրջանակաձեւ սիւների միջեւ երեսուն դահլիճներ կային:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա սենյակներ ու գավիթի համար շինված շուրջբոլորը քարահատակ. երեսուն սենյակ՝ քարահատակի վրա։
(Գրաբար) Եւ ահա դահլիճք, և սի՛ւնք շրջանակօք, շուրջ զսրահիւքն յօրինեալք. երեսուն դահլիճք 'ի մէջ սեանցն շրջանակաց։