Ա. Լոպուխին
«Այնուհետև եկավ այն դարպասի մոտ, որը դեմքով դեպի արևելք էր նայում, և վեր բարձրացավ նրա աստիճաններով ու չափեց դարպասի մի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն»։ [6] (Սինոդական թարգ․)
«Այնուհետև եկավ» - 3-րդ համարի մարդ – հրեշտակը, իսկ ահա մարգարեն կարող էր կանգնած մնալ իր այն նույն տեղում, որտեղից երևում էին հրեշտակը և վերջինիս կատարած բոլոր գործողությունները: Եթե 3-րդ համարի հրեշտակն արդեն իսկ կանգնած էր արևելյան դարպասի մոտ, և ոչ թե՝ հյուսիսային (ինչը հնարավոր էր. տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 3-րդ համարի բացատրությունը), ապա ուրեմն այստեղ նա այդ դարպասին մոտենում է չափումներ կատարելու նպատակով։
«Այն դարպասի մոտ», որը գտնվում էր տաճարի արտաքին պատի (պարսպի) մեջ, որն էլ իր հերթին տանում էր դեպի տաճարի գավիթը։
«Որը դեմքով դեպի արևելք էր նայում» - վերոնշյալ դարպասի կողքին կային նաև հյուսիսային և հարավային դարպասներ։ Այդ երեքն էլ ճիշտ նույն կառուցվածքն ու մեծությունն ունեին, հետևաբար, մանրամասնորեն նկարագրվում է դրանցից միայն մեկը՝ արևելյան դարպասը՝ որպես գլխավորն ու ամենասուրբը, հենց որով իսկ ներս էր մտնում Ինքը՝ Յահվեն (Եզեկ․ 43:4)։
«Եվ վեր բարձրացավ» - չափումներ կատարելու համար։
«Նրա աստիճաններով» - որոնք, ինչպես երևում է հաջորդող խոսքերից, կառուցվել էին ոչ թե պարսպի մեջ, այլ դրանից դուրս՝ պարսպի մաս չկազմելով։ Ենթադրվում է, որ տաճարի գավիթը, ինչպես Սողոմոնի տաճարի պարագայում էր, այստեղ նույնպես գտնվում է լեռան գագաթին։ 22-րդ և 26-րդ համարներից պարզ է դառնում, որ այդ աստիճանները թվով 7-ն է եղել․ այստեղ այդ նույն «յոթ» թիվն է ընդունում նաև Յոթանասնից թարգմանությունը․ «Իսկ դարպասի ներսում կային դեպի արևելք նայող յոթ աստիճաններ» («վեր բարձրացավ» - «վայաալ» արտահայտության փոխարեն Յոթանասնից թարգմանության հեղինակները տարընթերցում են «շեվա» - «յոթ»):
«Ու չափեց դարպասի մի շեմը՝ մեկ եղեգ լայնություն» - պարսպի ամբողջ հաստությունը, որը հավասար էր մեկ եղեգի, այսինքն՝ 6 կանգունի, ընդհատվում էր լայնակի դարպասներով, որոնց շեմը, ըստ երևույթին, նույնպես պետք է համապատասխաներ այս եղեգի լայնությանը, այսինքն՝ 6 կանգուն։ Այդ շեմի լայնությունը հսկայական է, և դա վկայում է ա՛յն վայրի սրբության մասին, ուր և տանում էր տվյալ դարպասը։
«Իսկ մյուս շեմը (բառացիորեն՝ «մի շեմը»)՝ մեկ եղեգ լայնություն» - այստեղ հանդիպում ենք նախորդիվ հնչած արտահայտության բառացի կրկնությանը, ինչը ստվեր է գցում ներկայիս հատվածի բնագրային իսկության վրա (դիտտոգրաֆիա)։ Սակայն եթե տեքստը ճշմարիտ է, ապա գուցե այստեղ նկատի է առնվում դարպասի կառույցի (որի մասին խոսվում է 7-րդ համարում, մինչդեռ այստեղ այդ մասին խոսելը վաղաժամ է և, հետևաբար, անհասկանալի) հակառակ կողմի շեմը, որը հույների կողմից անվանվում է նաև, այսպես կոչված, «վերին շեմ», դռների հանդիպադրում՝ «uperqurion», ի տարբերություն ստորին շեմի՝ «upoqurion, superbus»՝ ի տարբերություն «inferus»-ի (Naevius apud Movium IV, 278. Plant. Mac. V, 1. Rosenmüller)։ Սակայն այդ շեմի չափերի մասին խոսելն ավելորդ կլիներ՝ հաշվի առնելով դրա հավասարաչափությունը ստորին շեմի հետ։ Յոթանասնից թարգմանությունը «շեմ» բառը փոխադրում է «ailam» բառի միջոցով, որը Յոթանասնից թարգմանության մեջ մշտապես տառադարձումն է եբրայեցերեն «ուշամ» - «շքամուտք» բառի: Նրանք այստեղ այդպես են կոչում «շեմը» (եբրայեցերենում՝ «սաֆ»)՝ հավանաբար նկատի ունենալով այդ շեմի մեծ չափերը («էտ-սաֆ» արտահայտությունը գրելաձևով որոշակիորեն նման է «ուլամ» բառին)․․․
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթը աստիճաններ: Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խուցերը. մէկ խուցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խուցերի միջի կամարները վեց կանգուն էին:
(Արարատ թարգ․) Եվ եկավ այն դարպասը, որը դեպի արևելք էր նայում, վեր ելավ նրա աստիճաններով և չափեց դարպասի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն։
(Գրաբար) Եւ եմո՛ւտ եմո՛ւտ ընդ դուռնն որ հայէր ընդ արևելս ՝ զե՛ւթն աստիճանօք. և չափեաց զկոզակսն վեց վեց զկամարօք դրանն հաւասար ձողոյն. և զերկայնութիւն կոզակին հաւասար ձողոյն, և զլայնութիւն նորին հաւասար ձողոյն. և կամարս 'ի մէջ կոզակացն' ի վեց կանգնոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: