Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։7

Ա. Լոպուխին

«Եվ յուրաքանչյուր կողային սենյակ մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ուներ, իսկ սենյակների միջև՝ հինգ կանգուն, և դարպասի շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    «Կողային սենյակ» - եբրայեցերենում՝ «տա»։ Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը տառադարձվում է «qee», սլավոներենում՝ «ֆե»։ Սա մի բառ է, որը, բացի Եզեկիելի մարգարեությունից,  հանդիպում է միայն Գ Թագ․ 14:28-րդ և Բ Մնաց․ 12:11-րդ համարներում, որոնցում այն նշանակում է պալատում գտնվող մի ինչ-որ սենյակ՝ նախատեսված պահապանների համար (նույնահունչ է ասորերեն «տու» - «երդում» բառի հետ): Ինչպես ցույց է տալիս 10-րդ համարը, դարպասի կառույցի մեջ կային այդպիսի 6 սենյակներ՝ դարպասային անցումի կամ միջանցքի յուրաքանչյուր կողմում՝ 3-ական սենյակ։ Այդպիսով, ուրեմն, դրանք խորշաձև սենյակներ էին, որոնք հավանաբար ծառայում էին տաճարի պահապաններին՝ ղևտացիներին (Եզեկ․ 44:11), որպեսզի վերջիններս այդ սենյակներից վերահսկեին տաճար մուտք գործող մարդկանց՝ նրանց մեջ կարգուկանոն հաստատելու և ոչ օրինական այցելուների մուտքն արգելափակելու համար։ Հնարավոր է, որ այդ նպատակով էր պայմանավորված այն, որ վերոնշյալ սենյակներն իրենց առջև ելուստներ (հարակից կառույցներ) ունեին (12-րդ համար)։ Այս սենյակները «հագեցած» էին դռներով և պատուհաններով (13-րդ և 16-րդ համարներ): Բնագրում այս բառից առաջ դրված նախադասության անդամը ցույց է տալիս, որ նշյալ սենյակները լավ ծանոթ էին մարգարեի ընթերցողներին, և հավանաբար դրանք գոյություն են ունեցել դեռևս առաջին տաճարում (Դ Թագ․ 11-րդ գլուխ): Սենյակները քառակուսի էին, յուրաքանչյուր կողմը՝ 6-ական կանգուն («մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն»): Մեկ շարքի սենյակները գտնվում էին միմյանցից 5 կանգուն հեռավորության վրա, և դրանց երկու զուգահեռ շարասյուներն ավարտվում էին դարպասի նոր շեմով (ինչն Աստծո տան ծայրաստիճան սրբության նշանակն էր), որն ուներ այն նույն լայնությունը, ինչ առաջին շեմը: Այս շեմը տանում էր դեպի դարպասի նախասրահի («ուլամ»․ տե՛ս Եզեկիելի մարգարեության 8։16-րդ համարի բացատրությունը) հատուկ կառույցը (որը գտնվում էր «դարպասի նախասրահի մոտ, ներսից» - «մեհաբայտ», այսինքն՝ տնից, տաճարից ելքի ուղղությամբ), այսինքն՝ դեպի հաջորդիվ՝ 9-րդ համարում նկարագրված սյունասրահը: Ահա թե որքան դժվար էր Աստծո տուն մուտք գործելը․․․
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր:
(Արարատ թարգ․) Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։
(Գրաբար) Եւ կոզակն երկրորդ հաւասա՛ր ձողոյն 'ի լայնութիւն, և հաւասար ձողոյն յերկայնութիւն. և կամարն 'ի հինգ կանգնոյ։