Ա. Լոպուխին
«Դռների լայնությունը՝ տասը կանգուն, և դռների կողքի [պատերը]՝ հինգ կանգուն մի կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից․ և չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն»։ [2] (Սինոդական թարգ․)
«Դուռը», որն այստեղ մատնանշվում է «պետախ» բառով, ավելի ստույգ ունի «բացվածք» նշանակությունը՝ ի տարբերություն «շաար» բառի, որով մատնանշվում է տաճարի նախասրահից դեպի սրբարան տանող մոնումենտալ դուռը։ Այստեղ հիշատակվող դուռը («պետախ») 10 կանգուն լայնություն ուներ, այսինքն՝ այն նույն լայնության էր, ինչ արտաքին և ներքին դարպասները (Եզեկ․ 40:11), ու տաճարի նախասրահի մուտքն արդեն 4 կանգուն հեռավորության վրա էր (Եզեկ․ 40:48՝ համաձայն Յոթանասնից թարգմանության)։ Այդ դուռը զբաղեցնում էր տաճարի ճակատային ամբողջ պատի կեսը՝ աչքի ընկնելով իր ահռելիությամբ։ Այդպիսի դռնից, հնարավոր է, երևում էր սրբարանի ամբողջ ներսի հատվածը, և դա ոչ միայն ներքին գավթից, այլև, տաճարային կառույցի բարձր դիրքի շնորհիվ, նաև արտաքի՛ն գավիթից։ Դռների կողքի պատերը, այսինքն՝ պատի այն հատվածը, որը դռան կողմից չէր «չզբաղեցվել» և որը ծառայում էր որպես դռան վերնասեմ, յուրաքանչյուր կողմից 5 կանգուն էր (տաճարի նախասրահում՝ 3 կանգուն – Եզեկ․ 40:48)։ Սրբարանը («տաճարը») ներսից 40 կանգուն երկարություն ուներ և 20 կանգուն լայնություն, ինչպես Սողոմոնի տաճարի պարագայում և Մովսեսի խորանի դեպքում։ Սլավոներենում՝ «դրանց երկայնությունները» արտահայտության մեջ «դրանց» բառը սխալ թարգմանությունն է հունարեն «autou» - «նրա» բառի, այսինքն՝ խոսքը «տաճարի» երկարության մասին է։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) դռան լայնութիւնը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն: Չափեց նաեւ դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն:
(Արարատ թարգ․) Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։
(Գրաբար) Եւ զլայնութիւն դրանն տասն կանգուն. և զխոյակս կոճոց դրանն յայսկոյս յայնկոյս հինգ հինգ կանգուն. և չափեաց զերկայնութիւն նորա քառասուն կանգուն, և զլայնութիւնն քսան կանգուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: