Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։20

Ա. Լոպուխին

«Հատակից մինչև դռների վերևը քանդակված էին քերովբեներ և արմավենիներ, ինչպես նաև՝ տաճարի պատի երկայնքով»։ [20] (Սինոդական թարգ․)
   

    Ի դեպ, սուրբ և խորապես խորհրդանշական պատկերները չէին զբաղեցնում պատի ամբողջ բարձրությունը, այլապես դրանք տեսադաշտից կկորչեին։ Սակայն այս պատկերների ամենակարևոր մասերը, այն է՝ նրանց սարսափելի-առեղծվածային դեմքերը, գտնվում էին աչքի համար անհասանելի բարձրության վրա։ Դռների վերին եզրերին հասնելով՝ այս պատկերները չէին կարող շատ բարձր չլինել (չնայած այն բանին, որ դռների բարձրությունը ոչ մի տեղ նշված չէ, սակայն իրենց մեծության պատճառով դրանք հաճախ կոչվում են «շեար» - «դարպասներ), իսկ եթե այդ ժամանակ արդեն իսկ պահպանվում էր դռների և պատուհանների՝ մինույն բարձրությունն ունենալու մասին ժամանակակից ճարտարապետության մեջ ընդունված տարրական կանոնը, ապա ուրեմն դրանք սարսափելիորեն բարձր էին։ Արմավենիները նույնպես կարող էին իրենց բնական չափերից ավելի բարձր լինել: Այստեղ անհասկանալի է մնում համարի վերջին նկատառումը՝ «ինչպես նաև՝ տաճարի պատի երկայնքով» (բառացիորեն՝ «և տաճարի պատը»)։ Այս արտահայտության միակ հնարավոր նշանակությունը, ըստ երևույթին, այն էր, որ այդ պատը հենց տաճարի պատն էր, ավելի ստույգ՝ սրբարանի՛ պատը, որտեղ որ մարգարեն գտնվում էր: Մասսորեթները «հեկալ» բառի վրա դնում են «puncta extraordiaria»՝ «արտասովոր նշաններ»՝ այս բառի 5 տառերից յուրաքանչյուրի վերևում մի թավ կետ ավելացնելով, ինչը ցույց էր տալիս բառի կասկածելիությունը։ Յոթանասնից թարգմանությունը, հավանաբար «կիր» - «պատ» բառի փոխարեն տարընթերցելով «կեդեշ», առաջարկում է հետևյալ տարբերակը՝ «սուրբ էր նաև տաճարը», և սույն խոսքերն առնչակցում է հաջորդող համարին։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Յատակից մինչեւ առաստաղները քերովբէներ ու արմաւենիներ էին քանդակուած:
(Արարատ թարգ․) Եվ գետնից մինչև մուտքի վերևը տաճարի պատի վրա քանդակված էին քերովբեները և արմավենիները։
(Գրաբար) յատակաց մինչև ցյարկսն քերովբէք և արմաւենիք քանդակեալք. և սրբութիւնն ՝ և տաճարն ՝ թռուցեալ: