Ա. Լոպուխին
«Զոհասեղանը փայտյա էր՝ երեք կանգուն բարձրությամբ և երկու կանգուն երկարությամբ․ և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ասաց նա ինձ. «Սա է այն սեղանը, որը Տիրոջ առաջ է»։ ինչպես նաև՝ տաճարի պատի երկայնքով»։ [22] (Սինոդական թարգ․)
Տաճարի ներքին հատվածը նկարագրելիս գլխավոր բանը, որը մարգարեն շատ հմտորեն արեց, դա անցումն էր դեպի վերջնանպատակը՝ կուլմինացիան։ Գլխավոր բանը, իհարկե, «զոհասեղանն» էր։ Դատելով այն հանգամանքից, որ զոհասեղանը գտնվում էր այն սրբարանում, որտեղ մարգարեն կանգնած էր՝ այս զոհասեղանը կարող էր լինել միայն խունկ ծխելու համար նախատեսված զոհասեղան: Սա, ըստ երևույթին, սրբարանի այն միակ առարկան էր, որը Մովսիսական խորանում թվով երեքն էր, իսկ Սողոմոնի տաճարում՝ ավելի շատ։ Այստեղ սույն զոհասեղանի նմանօրինակ եզակիությունը լիովին համապատասխանում էր այն պարզությանը և խստապանջությանը, որը հատուկ էր նկարագրվող խորհրդավոր տաճարին՝ իր բոլոր հատկանիշներով հանդերձ։ Այդ պարզությունը և խստապանջությունը խորհրդանշական կերպով վկայում էին նաև այս զոհասեղանի պատկերի ներքո Աստվածությանը և փրկությանը վերաբերող գաղափարների վերարծարծման մասին: Այդ նույն պարզությանն էր համապատասխանում նաև զոհասեղանի նյութը. այն փայտյա էր՝ դրանով իսկ հակադրության մեջ դրվելով Մովսեսի պատրաստած խնկի զոհասեղանի հետ, որը թեև նույնպես փայտյա էր, սակայն այնպես էր պատված ոսկով, որ ի վերջո այն կոչվեց «ոսկե զոհասեղան» (Եբր. 9:4): Եզեկիել մարգարեն իր պատկերած տաճարում ոսկու առկայության մասին բացարձակապես չի խոսում։ Զոհասեղանի բարձրությունը, համաձայն մարգարեի պատկերացման, երկարությունից ավելի մեծ էր՝ 3 կանգուն բարձրություն՝ 2 կանգուն երկարության դիմաց։ Զոհասեղանի լայնությունը եբրայական տեքստում նշված չէ, ինչից, միգուցե, կարելի է ենթադրել, որ նրա լայնությունը հավասար էր երկարությանը, մանավանդ որ Յոթանասնից թարգմանության մեջ այն հստակորեն մատնանշվում է՝ 2 կանգուն։ Այս ներքին զոհասեղանը, իր բուն իմաստով համապատասխանելով ողջակեզների զոհասեղանին, ուներ «եղջյուրներ», եբրայեցերենում՝ «միկցօօտ», ռուսերեն թարգմանության մեջ՝ «անկյուններ»․․․Այս զոհասեղանը փայտյա էր իր բոլոր հատվածներում և նույնիսկ, ինչպես մարգարեն է նշում, իր պատերի մեջ էլ փայտանյութ էր կրում (չնայած կարելի էր ակնկալել, որ զոհասեղանի պատերի մեջ մեկ այլ, ավելի թանկարժեք նյութ կարող էր լինել), և անգամ իր հիմքում էլ (եբրայեցերենում՝ «օրկո» - «դրա երկարությունը», սակայն բոլորը ընդունում են Յոթանասնից թարգմանության տարընթերցումը՝ «դրա հիմքում») փայտով էր լցված (չնայած այստեղ էլ կարելի էր ակնկալել, որ հիմքը պատված պիտի լիներ ավելի դիմացկուն նյութով)։ Զոհասեղանի՝ այս համատարած փայտյա լինելու իրողությունն ինքնին արտահայտում էր պարզության, միության ու ինքն իր հանդեպ աստվածային մի ներդաշնակության գաղափարը (ինչպես որ նաև Աստվածության մեջ էր): Յուրաքանչյուր զոհասեղան Աստծո սեղանն է (Մաղ. 1:7, 12): Որչափ առավել՝ այդպիսի նշանակություն ուներ հենց ա՛յս զոհասեղանը, որը տեղակայված էր երկրի վրա գտնվող Աստծո տաճարում՝ բացառիկ լինելով իր դիրքով և նշանակությամբ, ու բացառիկ տեղ զբաղեցնելով նաև այդ տաճարում, այն է՝ գտնվելով «Տիրոջ առջև» (բառացիորեն՝ «Յահվեի դեմքի առաջ»), այսինքն՝ Սրբություն Սրբոցի՝ Աստծո այդ հատուկ ներկայության գլխավոր կենտրոնակայանի առջև։ Իսկ այդ կայանը գտնվում էր ոչ այլուր, քան միայն այս խորհրդավոր տաճարում։ Եվ վերջապես՝ այս տաճարում գտնվող զոհասեղանը նաև այնտեղ առկա միակ սեղանն էր, քանի որ այս խորհրդավոր տաճարում չեն եղել այլ սեղաններ՝ նախատեսված առաջավորության հացի համար։ Եթե սրան հավելենք նաև այն, որ մարգարեն ոչինչ չի ասում խորհրդավոր տաճարում գտնվող Ուխտի տապանակի մասին, և դա թեկուզ միայն այն պատճառով, որ նա առհասարակ անկարող է եղել տեսնելու Սրբություն Սրբոցի ներսը, ուր կարծես թե չէր համարձակվում ներս մտնել նույնիսկ չափումներ կատարող հրեշտակը (հմմտ․ 4-րդ համարի բացատրությունը), ապա ուրեմն ներկայիս զոհասեղանը խորհրդավոր տաճարի մեծագույն սրբարանն է՝ տաճարում (բառացիորեն՝ «Տանը») միակը լինելով։ Առավել հասկանալի, չնայած որոշակիորեն անսպասելի է մարգարեի այս վերջին նկատառումը. «Սա է այն սեղանը, որը Տիրոջ առաջ է»։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սրբերի դէմ-յանդիման մի պատկեր կար՝ փայտէ խորանի նմանութեամբ, երեք կանգուն բարձրութեամբ, երկու կանգուն երկարութեամբ եւ երկու կանգուն լայնութեամբ, վրան՝ եղջիւրաձեւ զարդեր: Նրա թէ՛ յատակն ու թէ՛ պատերը փայտեայ էին: Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջեւ եղած սեղանը»:
(Արարատ թարգ․) Սրբարանի առաջ մի բան կար, որ նման էր փայտյա զոհասեղանի. երեք կանգուն՝ բարձրությունը, իսկ երկարությունը՝ երկու կանգուն, և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ինձ ասաց. «Սա է այն սեղանը, որ Տիրոջ առաջ է»։
(Գրաբար) իբրեւ նմանութիւն փայտեղէն սեղանոյ, երեք կանգուն «ի բարձրութիւն, եւ երկու կանգուն յերկայնութիւն, եւ երուն յերկայնութիւն, եւ երուն երկանգուն եեր. և յատա՛կքն նորա և որմք փայտեղէնք։ Եւ ասէ ցիս. Ա՛յս է սեղան երեսաց Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: