Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։8

Ա. Լոպուխին

«Եվ ես տեսա տան գագաթը՝ ամբողջ շրջակայքով․ կողային սենյակները հիմքում ունեին ամբողջ մի եղեգ՝ վեց լրիվ կանգուն»։ [8] (Սինոդական թարգ․)
   

    Ինչպես որ մարգարեն ավելի վաղ (Եզեկ․ 40:49) նշել էր, տաճարը իր բուն իմաստով, այսինքն՝ սրբարանի շենքը և Սրբություն Սրբոցը կառուցված էին մի բլրի վրա, այնպես որ 10 աստիճանից բաղկացած մի սանդուղք էր առաջնորդում դեպի այնտեղ։ Ընթերցողի մտքում հարց է առաջանում, թե այդ բարձրության կամ բարձրակառույց շինության  նկատմամբ, որի վրա գտնվում էր տաճարը, ինչպիսի՞ հարաբերակցություն ունեին կողային սենյակները, արդյո՞ք դրանց հիմքն ավելի ցածր էր, թե՞ ուներ այն միևնույն բարձրությունը, ինչ տաճարի հիմքը: Այժմ մարգարեն, ավարտելով տաճարին կից կառույցների նկարագրությունը, վերացնում է նաև այս տարակուսանքը: Ներկայումս մարգարեն հայացք է գցում տաճարային ամբողջ կառույցի շուրջբոլորը՝ ներքևից դեպի վերև, և տեսնում է տաճարի (բնագրում՝ «տան») չորսբոլորը։ Բնագրի այս հատվածում կիրառված է «գովա», սլավոներերենում՝ «բարձրություն» բառը, որը իմաստային առումով շատ մոտ է (հատկապես եթե այն կարդում ենք «գավա») Հովհաննեսի Ավետարանի 19։13-րդ համարում գործածված «գավվաֆա» - «քարահատակ» բառին (հմմտ․ Եզեկ 40։18)։ Այս «գովա» բառը հետագայում ավելի ճշգրիտ սահմանվում է «մուսեդոտ» բառով, որ կիրառվում է կողային սենյակների առնչությամբ։ Այն մի բառ է, որի մեջ Վուլգաթայի թարգմանությունը թույլ է տալիս տեսնել «fundata» - «հիմք» իմաստը։ Յոթանասնից թարգմանության մեջ այն փոխադրվում է «diasthma» - «հեռավորություն» նշանակությամբ: Հետևաբար, կողային սենյակների հիմքն իրենից ներկայացնում էր մի բարձրություն, և այն չափը, որը հետագայում ցույց է տալիս մարգարեն այս բարձրության վերաբերությամբ, բնականաբար, պետք է լիներ ոչ թե դրա լայնության, այլ բարձրությա՛ն չափման ցուցանիշը. միայն այդպիսի չափում կարելի էր նշել այստեղ՝ առանց հստակ չափը մատնացույց անելու։ Այդ չափը հավասար էր այստեղ կատարվող մյուս բոլոր չափումների չափման լրիվ միավորին, ասել է թե՝ Հրեշտակի ամբողջ եղեգնափայտին, որն իր մեջ «պարունակում» էր 6 կանգուն։ Մարգարեն ավելացնում է նաև մի ինչ-որ անհայտ եզրույթ՝ «ացիլլա» (․․․հավանաբար դա մի ինչ-որ ճարտարապետական ​​ եզրույթ, որը հատուկ էր, միգուցե, հենց այսօրինակ կառույցին․․․)։

    «Եվ ես տեսա» - Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունը տարընթերցվել է ոչ թե «ռոիտի», այլ «տեռա լէ» («տեսանելի եղավ»), ինչի արդյունքում սույն թարգմանության հեղինակներն այն համարել են ճարտարապետական ​​ եզրույթ՝ թողնելով առանց թարգմանության (to qrael)…
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տեսայ նաեւ տան ձեղունի բարձրութիւնը. բոլորաձեւ մի անջրպետ կար, ձողին հաւասար, որը վեց կանգուն էր:
(Արարատ թարգ․) Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։
(Գրաբար) Եւ ձեղուան տանն բարձրութիւն շուրջ շրջանակաւ զանջրպետօք կողմանցն, հաւասար ձողոյն 'ի վեց կանգնոյ անջրպետ մի: