Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։1

Ա. Լոպուխին

«Ապա տարավ ինձ տաճարը և չափեց սյուների լայնությունը՝ վեց կանգուն մի կողմից և վեց կանգուն մյուս կողմից՝ խորանի լայնությամբ»։ [1] (Սինոդական թարգ․)
   
    «Տուն»։ Սրբարանի և Սրբություն Սրբոցի չափսերը։ Մարգարեն այժմ տարվում է եբրայական տաճարի ամենախորին հատվածը, եբրայեցերեն՝ «գեկալ», բառ, որը մատնանշում է սրբարանը և Սրբություն Սրբոցը, կամ էլ միայն սրբարանը (Գ Թագ․ 6:2, 5, 17): Սրբարանի մուտքի մոտ՝դեպի ներս տանող դռների մոտ, դարձյալ երկու հսկայական սյուներ կային («khmo giln»), որոնք նախորդներից ավելի հաստ էին 1 կանգունով, այսինքն՝ կազմում էին 6 կանգուն։

    «Խորանի լայնությամբ» - սույն նկատառումն անհասկանալի է, ուստի և այստեղ ավելի նախընտրելի է Յոթանասնից թարգմանության առաջարկած տարընթերցումը, համաձայն որի՝ այստեղ առկա է նախորդ արտահայտության կրկնությունը՝ «այլամ-ի («սյուների») լայնությունը»։ Այս դեպքում Յոթանասնից թարգմանիչները փոխարենը ընթերցելու՝ «օգէլ» - «խորան» (մի բառ, որը Եզեկիելի մարգարեության մեջ որևէ մի տեղ չի օգտագործվում՝ բացի Օղոլա և Օղոլիբա անուններից), տարընթերցում են «աիլ» - «սյուն»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա ինձ տարաւ տաճար եւ չափեց նրա կամարը. լայնութիւնը մի կողմից վեց կանգուն էր, երկարութիւնը միւս կողմից՝ վեց կանգուն,
(Արարատ թարգ․) Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։
(Գրաբար) Եւ տարա՛ւ զիս 'ի տաճարն զորոյ չափեաց զկամարն, վեց կանգուն զլայնութիւն' ի միոջէ կողմանէ. և վեց կանգուն զերկայնութիւն կամարին 'ի միւսմէ կողմանէ: