Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։17

Ա. Լոպուխին

«Իսկ հրապարակում՝ տասնչորս կանգուն երկարություն և տասնչորս կանգուն լայնություն՝ իր բոլոր չորս կողմերում, և նրա շուրջը եզրագիծ՝ կես կանգուն, իսկ նրա հիմքը՝ մեկ կանգուն շուրջանակի, և նրա աստիճաններն էլ՝ արևելքից»։  [17] (Սինոդական թարգ․)
   
    Արդեն նախորդիվ տրված չափումներից (13-րդ և 14-րդ համարներ) հետևում է, որ «հրապարակը», եբրայեցերեն՝ «azara», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «մաքրագործող», այսինքն՝ 2 «azara»-ների վերին մասը (տե՛ս 14-րդ համարի բացատրությունը) 2 կանգուն ավելի լայն էր լինելու բուն զոհասեղանից՝ «ariel»-ից, այսինքն՝ լինելու էր քառակուսի («իր բոլոր չորս կողմերից»․ տե՛ս 16-րդ համարի բացատրությունը)՝ 14 x 14 կանգուն («կանգուն» եզրույթը եբրայական բնագրում դարձյալ չի նշվում) կողմերով: Չնայած որ սա ինքնին ենթադրելի էր 14-րդ համարի չափագրություններից, սակայն մարգարեն, այնուամենայնիվ, իր նկարագրության մեջ ճշգրտորեն հիշատակում է այն նաև վերին «հրապարակի» («azara») վերաբերությամբ, բայց ստորին հրապարակի մասին արդեն ոչինչ չի ասում (en = 16 կանգուն), մանավանդ որ զոհասեղանի ստորին հիմքն իր փոքր բարձրության պատճառով այդքան էլ նկատելի չէր․․․Պրոֆ. Մուրետովը գտնում է, որ Եզեկիելի զոհասեղանը «ոչ միայն իր տեռասանման (կտուրանման) կառուցվածքով և ելուստների (եզրերի) եռակի թվով, այլև նույնիսկ ելուստների բարձրությունների՝ մեկը մյուսի հանդեպ և զոհասեղանի ընդհանուր բարձրության հանդեպ հարաբերակցությամբ մաթեմատիկորեն ճշգրիտ մի համապատասխանություն է ներկայացնում՝ առ ի համեմատություն Սողոմոնի տաճարի տարբեր մասերի բարձրությունների։ Այսպես, տաճարի հիմքը կամ «tsokol»-ը կազմում է շենքի ընդհանուր բարձրության 1/6-ը (60:10)։ Այդպես նաև զոհասեղանի ստորին կամ հիմքային ելուստը հարաբերվում է զոհասեղանի ընդհանուր բարձրությանը 2-ը 12-ի հետ, նույնն է թե՝ 1/6 հարաբերակցությամբ» (Ветх. хр. 367): Ըստ պրոֆեսոր Օլեսնիցկու տեսակետի՝ Եզեկիելի նկարագրած զոհասեղանը որպես նախօրինակ է ծառայել հետաքսորական շրջանում կառուցվող զոհասեղանի համար, որը Եզեկիելյան զոհասեղանի համեմատությամբ միայն կրկնակի մեծացվել էր իր մասշտաբով.․․Սույն համարն ավարտվում է զոհասեղանի աստիճանների վերաբերյալ ցուցումով, աստիճաններ, որոնք, հավանաբար, կանգնեցված են եղել թեքության վրա։ Այդ աստիճանները, որոնց թիվը նշված չէ, զոհասեղանի արևելյան, ճակատային կողմից տանում էին դեպի այդ զոհասեղանը։ Խորանի զոհասեղանին (որը գտնվում էր հարթ գետնի վրա) դեմ հանդիման աստիճանների կառուցումն արգելված էր (Ելք 20:26)։ Եվ առհասարակ, զոհասեղանի տեսքը տարբերվում էր թե՛ Ելից 28:1-8-րդ համարներում, և թե՛ Բ Մնաց․ 4:1-ին համարում նկարագրված զոհասեղաններից՝ դրանով իսկ մատնանշելով իր նորկտակարանյան բնույթը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քաւութիւնը տասնչորս կանգուն երկարութեամբ էր, տասնչորս կանգուն լայնութեամբ, չորս կողմերից էլ հաւասար. նրան շրջապատող եզրերը՝ կէս կանգուն, շրջանակը՝ մէկ կանգուն: Աստիճաններն էլ արեւելեան էին:
(Արարատ թարգ․) Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։
(Գրաբար) Եւ քաւութիւնն չորեքտասան կանգուն յերկայնութիւն, և չորեքտասան կանգուն ‘ի լայնութիւն, հասարակ ‘ի չորեցունց կողմանց. և ծնօտքն պատուածոյք շուրջանակի պատեալ զնովաւ ‘ի կէս կանգնոյ, և բոլորակն նորա շուրջանակի կանգուն մի. և աշտիճանքն նորա ընդ արևելս: