Ա. Լոպուխին
«Իսկ հաջորդ օրը, որպես մեղքի համար զոհաբերություն, մատուցի՛ր այծերի հոտից մի անարատ այծ (նոխազ), և թող մաքրեն զոհասեղանն այնպես, ինչպես որ մաքրել էին ցլիկով»։ [22] (Սինոդական թարգ․)
Մեղքի համար մատուցվող զոհաբերությամբ՝ ցլիկով և նրա արյունը զոհասեղանի վրա ցողելով զոհասեղանը դեռ ամբողջովին չէր մաքրվել. այդպիսով միայն սկսվել էր զոհասեղանի մաքրագործման գործընթցացը, որը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր ամբողջականությունը խորհրդանշող 7 թվի առկայությունը՝ այդ թվով հատկորոշվող օրերի տեսքով։ Սակայն մնացած 6 օրերի ընթացքում (հմմտ․ 25-րդ համար) զոհասեղանը սրբագործելու համար չէր պահանջվում նմանօրինակ մեծամասշտաբ զոհաբերություն մատուցել, ինչպիսին որ ցլիկի զոհաբերությունն էր։ Ցլիկին փոխարինում է այծը՝ այծերի հոտից (ըստ Ռոզենմյուլերի՝ սա շատ նրբանկատ մի արտահայտություն է, ինչպիսին էր, օրինակ, Զաք․ 9։9-ի հիշատակությունը․ գուցե թե այս արտահայտությամբ մատնանշվում էր զոհաբերվող կենդանու մատղաշությունը, այսինքն՝ ձագուկ և կաթնակեր լինելը։ Ռուսերենում՝ «այծերի հոտից», Յոթանանսից թարգմանության մեջ՝ «երկու», որը, հավանաբար, անալոգիա (համանմանակություն) է՝ մաքրագործման օրերի հետ համապատասխանությամբ: Այս զոհաբերությունը պետք է մատուցվի այն նույն ծիսակատարությամբ, որի նպատակն է մաքրագործել զոհասեղանը և որի (վերոնշյալ ծիսակատարության) համապատասխան էլ հենց զոհասեղանի սրբագործման (օծման) առաջին օրը մատուցվել էր ցլիկը։ Այլ կերպ ասած՝ այժմ զոհաբերվող այծի արյունը նույնպես հարկ էր ցողել զոհասեղանի անկյունների վրա, իսկ զոհը այրել հատուկ առանձնացված վայրում։ Մեղքի համար մատուցվող այսպիսի զոհաբերությունների կարելի էր «հանդիպել» մեծ տոների ընթացքում՝ այդ տոնակատարության բոլոր օրերին (Եզեկ․ 14:23)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ վկայության խորանի սրբագործման ժամանակ ամեն օր որպես մեղքի համար զոհաբերություն մատուցվում էր հենց խոյ (որն ավելի փոքր էր, քան այծը՝ զոհաբերության համար «նախատեսված» կենդանին)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն՝ իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպէս որ զուարակով սրբագործեցին:
(Արարատ թարգ․) Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։
(Գրաբար) . Եւ յաւուրն երկրորդի առցեն նոխազս երկուս յայծեաց անարատից վասն մեղաց, և քաւեսցեն զսեղանն՝ որպէս քաւեցին զուարակաւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: