Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։26

Ա. Լոպուխին

26-27. «Իսկ այդպիսի մեկի մաքրվելուց հետո ևս յոթ օր պետք է հաշվել նրա համար»։ [26] ««Եվ այն օրը, երբ նա պետք է մտնի սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, նա իր համար մեղքի զոհ պիտի մատուցի», - ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   

   Եթե,​ համաձայն​ Մովսիսական օրենքի, դիակին դիպչելը 7 օր շարունակ պղծում է նույնիսկ աշխարհականին, և մաքրվելու համար նրան անհրաժեշտ է կատարել մաքրման հայտնի ծիսակատարությունները՝ 3-րդ և 7-րդ օրերին մաքրագործող ջուրը խառնել կարմիր երինջի մոխրին ու այն շաղ տալ (Թվ. 19:11 և այլ տեղիներ), ապա մաքրագործման այդպիսի ծիսակատարությունները բավարար չեն կարող լինել նոր տաճարի քահանայի համար. այս մաքրագործման (որն այստեղ մարգարեի կողմից չի նկարագրվում` որպես ամենքին հայտնի մի ծիսակատարություն) վերջում քահանան ևս 7 օր համարվում է անմաքուր և նրան չի թույլատրվում մտնել ներքին գավիթ՝ սրբարանում ծառայություն մատուցելու համար (Յոթանասնից թարգմանությունն այսպես է փոխադրում եբրայեցերեն «bakhodesh» բառը, ռուսերենում` «ծառայելու, սրբարանում պաշտոն մատուցելու համար»): Այս 7 օրերից հետո «պղծված» քահանայից պահանջվում է մեղքի համար մեկ այլ զոհ մատուցել, չնայած որ այստեղ մեղքը, ըստ երևույթին, ոչ միայն միանգամայն բնական և ներելի էր, այլև օրենքով թույլատրելի։ Նոր տաճարում Աստծուն ծառայելը պահանջում էր այդպիսի մաքրություն և սրբություն: 26-րդ համարում «մաքրվելուց հետո» արտահայտության փոխարեն առաջարկվում է (Կորնիլ) տարընթերցել «պղծվելուց հետո», ինչը սույն օրենքը նմանեցնում Թվ. 19:11-րդ համարին: Նրանք, ովքեր Հնգամատյանի հատվածների ծագումը վերագրում են հետաքսորական ժամանակաշրջանին, այստեղ տեսնում են դիակին դիպչելու պատճառով պղծման մասին օրենքների աստիճանական զարգացման ցուցում. դիակին դիպչելու պատճառով քահանայի համար սահմանված յոթնօրյա անմաքրության շրջանը (հմմտ. Ղևտ. 11:1-4) Թվ. 19:11-րդ համարում տարածվում է ամենքի վրա:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Եւ այն սրբագործելուց յետոյ պէտք է հաշուել եօթը օր.
(Արարատ թարգ․) Եվ յուրաքանչյուրն իր մաքրվելուց հետո յոթ օր թող հաշվի իր համար։
(Գրաբար) Եւ յետ սրբելոյն նորա՝ եւթն օր թուեսցէ իւր։