Ա. Լոպուխին
«Եվ ինձ դուրս բերեց հյուսիսային դարպասով և դրսի ճանապարհով ինձ տարավ դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող ճանապարհով. և ահա, ջուրը հոսում էր աջ կողմով»։ [2] (Սինոդական թարգ․)
Տաճարի աղբյուրից բխող ջրի հետագա ուղղությունը պարզելու համար մարգարեն ստիպված էր դուրս գալ տաճարից, բայց ամենաուղիղ ճանապարհով դուրս գալն անհնարին էր, քանի որ արևելյան դարպասները փակված էին (ներքին դարպասները` մեծավ մասամբ – Եզեկ. 46:1 հմմտ. 40:1, իսկ արտաքին դարպասները` մշտապես - Եզեկ. 44:2): Այդ իսկ պատճառով էլ մարգարեն դուրս է բերվում հյուսիսային դարպասներով (խոսքը վերաբերում է հյուսիսային երկու` ներքին և արտաքին դարպասներին էլ) և, շրջանցելով տաճարը դրսի կողմից («դրսի ճանապարհով ինձ տարավ»), բերվում է տաճարի արևելյան արտաքին դարպասի առջև. «Դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող ճանապարհով» (ըստ Յոթանասնից թարգմանության և Պեշիթոյի պետք է տարընթերցել` «դեպի արտաքին դարպասը (Յոթանասնից թարգմանության մեջ` «գավիթը»), որը նայում է դեպի (եբրայեցերեն «derek» - «ճանապարհ» բառը երբեմն ցույց է տալիս միայն ուղղություն և համարժեք է «դեպի» բառին) արևելք: Այս դարպասներից (ավելի ստույգ կլիներ թարգմանել` «մուտքից», ինչը, սակայն, արված չէ ռուսերեն և սլավոնական թարգմանություններում) դեպի աջ, այսինքն՝ աջ կողմում գտնվող դարպասին հարող պատի տակ, մարգարեն դարձյալ տեսավ ջուր, որն, ակնհայտորեն, ա'յն հոսքի շարունակությունն է, որը Եզեկիելը տեսել էր ավելի վաղ:
«Հոսում էր» - եբրայեցերեն «mippakim» բառը եզակի կիրառություն ունի (ap. leg.) և այստեղ «հոսել» իմաստով է թարգմանվել, քանի որ այդ թարգմանության համար որպես հիմք է ընդունվել նույնարմատ «կաթիլ» բառը: Վուլգաթայում` «redundantes», Յոթանասնից թարգմանության մեջ` «katefereto» - «ընկավ», սլավոներենում` «ծագում էր»: Բառը շատ նման է նաև ասորերեն «paku» բառին, որ նշանակում է «ճեղքել»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ինձ դուրս բերեց հիւսիսային դռնով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արեւելք էր նայում: Ահա ջուրը հոսում էր աջ կողմից:
(Արարատ թարգ․) Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։
(Գրաբար) Եւ եհան զիս ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ, և շրջեցոյց զիս ընդ ճանապարհ դրանն արտաքնոյ առ դրամբն արտաքնով, որ հայէր ընդ արևելս. և ահա ջուրն հոսէր յաջմէ կողմանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: