Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։16

Ա. Լոպուխին

16-17․ «Եվ երբ նրանց դեմ արձակեմ սովի կատաղի նետերը, որոնք պիտի կործանեն, երբ դրանք արձակեմ ձեզ կործանելու համար, և սովը սաստկացնելու եմ ձեր մեջ և ջախջախելու եմ ձեր հացի գավազանը»։ [16] «Եվ ձեզ վրա սով և կատաղի գազաններ պիտի ուղարկեմ, և քեզ անզավակ կդարձնեն, և ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. Ես՝ Տերս, ասացի սա»։ (Սինոդական թարգ․)
   
   Սա 15-րդ համարի Բ մասի հետագա զարգացումն է։  16-րդ համարի Ա մասը նույնիսկ շարունակում է պահպանել 15-րդ համարի կառուցվածքը, որն այնուհետև խզվում է անակոլյուտիկ կերպով (առանց մտքերի հաջորդականության օրենքը պահպանելու): Սպառնալիքն ավարտվում է 12-րդ համարում հիշատակված պատիժների ևս մեկ անգամ կրկնությամբ, սակայն այստեղ արդեն արտահայտություններն ավելի սուր են դառնում և ավելանում է մի նոր պատիժ, որի արդյունքում ստացվում է այս պարագայում այդքա՜ն նշանակալից եղող 4 թիվը, հմմտ․ 14:21 և 1:5։ Հատկանշական է, որ սովը ներկայացվում է որպես մեծագույն պատուհաս, որի առաջ «նահանջում» է նաև թշնամու սուրը, մի բան, որը լիովին համապատասխանում էր իրականությանը։ Ուշադրության է արժանի 3-րդ դեմք, հոգնակի թվի փոփոխությունը սկզբում 2-րդ դեմք, հոգնակի թվի, իսկ հետո արդեն՝ 2-րդ դեմք, եզակի թվի։ Այն, որ գրչագիրները շփոթության չէին մատնվում այդ պատճառով և չէին փորձում ուղղել այն, Բերթոլետը բացատրում է նրանով, որ գրչագիրների համար անհատի կապն ընդհանուրի հետ և ժողովրդի ու հասարակության անձնավորումն արյան մեջ ավելի խորը հիմքեր էր գցել, քան մենք այս նորագույն ժամանակներում կարող ենք պատկերացնել։ Նրանց համար ավելի շուտ ոչ թե ժողովուրդն ու հասարակությունն են «պարտական» եղել անհատ մարդկանցից կազմված լինելուն, այլ այս վերջիններն են գոյության իրավունք ստացել այդ ժողովրդին և հասարակությանը պատկանելու շնորհիվ: Շատ հաճախ է խոսվում վայրի գազանների հարուցած սարսափի մասին, մի բան, որը հետևանք էր ռազմական ավերածությունների (հմմտ․ հատկապես Դ Թագ. 17:25, Ելք 23:29, Բ Օրին. 32:24, Ղևտ․ 26:22): «Սա ապացույց է, որ Սուրբ Երկրի մշակութային շերտը մշտապես հարաբերական հողի վրա է եղել։ Ապշեցուցիչ է հատկապես ժանտախտի և արյան համադրությունը, քանի որ տվյալ պարագայում այդ արյունը, ակնհայտորեն, սրով չէ, որ հեղվում է (հմմտ․ 14:19, 17)։ Իմիջիայլոց, այս արտահայտությունը հազիվ թե ունենա ախտաբանական բնույթ (ինչպիսին կարող է լինել, օրինակ, «արյան թարախակալումը»), այլ սա ավելի շուտ զուտ ալիտերացիա է (բաղաձայնույթ, երբ նույն բաղաձայն հնչյունների կրկնությամբ բառեր են գործածվում․ եբրայեցերեն՝ «դեվեր» - «դամ») և, հնարավոր է նաև, ասացվածք» (Բերթոլետ):
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:11

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ես՝ Տէրս եմ ասում սա. երբ ես սովի չար նետերս արձակեմ ձեզ վրայ՝ կ՚ոչնչանաք: Դրանք կ՚արձակեմ ձեզ վրայ, սով կը բերեմ ձեր գլխին, կը վերացնեմ ձեր հացի պաշարը,
(Արարատ թարգ․) Երբ ես նրանց դեմ արձակեմ սովի չար նետերը, որոնք կործանելու համար են, դրանք ես պիտի արձակեմ քեզ ոչնչացնելու համար. սովը սաստկացնելու եմ ձեզ վրա՝ կոտրելով հացի գավազանը։
(Գրաբար) Ես Տէր խօսեցայ, ‘ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ‘ի վերայ նոցա, և եղիցին ‘ի սատակումն. արձակեցից զայս ‘ի վերայ նոցա. և սով գումարեցից ‘ի վերայ ձեր. և խորտակեցից զհաստատութիւն հացի քոյ։