Ա. Լոպուխին
«Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու դանա՛կ վերցրու, սափրիչի ածելի՛ վերցրու քեզ համար և անցկացրո՛ւ այն գլխիդ ու մորուքիդ վրայով, և քեզ համար մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը մասերի»։ (Սինոդական թարգ․)[1]
Չորրորդ խորհրդանշական գործողություն. սափրված մազեր: Այժմ մարգարեն պիտի ներկայացնի Երուսաղեմի պաշարման հետևանքը, ի դեպ մարգարեն ինքը դարձյալ հանդես է գալիս որպես պաշարված քաղաքի, իսկ նրա մազերը՝ այդ քաղաքի բնակիչների խորհրդանիշ: Նա սափրում է մորուքի և գլխի մազերը, իսկ դա խորհրդանշում է ամոթը (հմմտ. Բ Թագ․ 10:4, 5․ պատճառն այն էր, որ քահանաներին սափրվելն արգելված էր, Ղևտ․ 21։5) և ավերածությունը (Ես․ 7:20 և այլ տեղիներ)։ Իսկ այն, որ մարգարեն սափրված մազերը ոչնչացնում է տարբեր եղանակներով, այդպիսով մատնացույց է անում այն եղանակները, որոնց միջոցով Տերն իրականացնելու է Իր դատաստանը Երուսաղեմի և Հուդայի բնակչության նկատմամբ:
«Քեզ համար մի հատու դանա՛կ վերցրու» - սլավոներենում հետևյալ ավելի ճշգրիտ ձևն է առկա՝ «սուր»։ «Արդեն այն փաստը, որ մարգարեն ածելիի փոխարեն սուր է օգտագործում, ցույց է տալիս, թե ինչ է լինելու» (Սմենդ):
«Սափրիչի ածելի՛ վերցրու քեզ համար» - այսինքն՝ վերցրո՛ւ սուրը որպես իսկական ածելի։ Սլավոներենում՝ «ածելիից ավելի սուր»։ «Սափրիչ»՝ եբրայեցերեն «գալավ» բառը, որը Հին Կտակարանում ոչ մի ուրիշ հատվածում չի գործածվում (բառի արմատը արաբերեն է), վկայում է այն մասին, որ Եզեկիելի ժամանակ այդ մասնագիտությունն արդեն իսկ գոյություն է ունեցել։ Կշեռքի վրա դրված սափրված մազերը խորհրդանշում են Աստծո նախասահմանության առանձնահատուկ ճշգրտությունը, որ բաժանվում էր երեք հավասար մասերի։ Համաձայն Յոթանասնից թարգմանության՝ մազերը բաժանվում էին չորս մասի, իսկ առաջին մասն էլ իր հերթին բաժանվում էր երկու մասի։ Հերոնիմոս Երանելուց սկսած՝ այս տեսակետն ընդունում են բոլոր գրչագրերը։ Հնարավոր է, որ սկզբնապես չորրորդ մասի ներքո հասկացվում էին հագուստի մեջ ծրարված այրված մազերը (տե՛ս 3-րդ համար), իսկ հետագայում արդեն՝ առաջին մասն էր երկու հավելյալ մասերի կրկնապատկվում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, յեսանով սրուած սուսեր ա՛ռ՝ վարսավիրների ածելուց աւելի սուր, ձե՛ռքդ առ այն, քաշի՛ր գլխիդ ու մօրուքիդ վրայով, ապա կշեռքն ա՛ռ ու կշռի՛ր այդ մազերը:
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ քեզ սուսեր յեսանաւոր սո՛ւր քան զսուսեր վարսավիրայից. ստանայցես զայն քեզ, և ածիցես զայն զգլխով քով՝ և զմօրուօք. և առցես կշիռս՝ և կշռեսցես զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: