Ա. Լոպուխին
10-18․ «Ահա օրը, ահա եկել է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը»։ [10] «Ուժը բարձրանում է ամբարշտության գավազանի վրա. ոչ մի բան չպիտի մնա նրանցից՝ ո՛չ նրանց հարստությունից, ո՛չ նրանց աղմուկից և ո՛չ նրանց վայելչությունից»։ «Եկավ ժամանակը, հասավ օրը, գնո՛ղ, մի՛ ուրախացիր, և ծախո՛ղ, մի՛ ողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բարկություն կա»։ «Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս նրանք ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ մարգարեական տեսիլքը չպիտի չեղարկվի, և ոչ ոք իր անօրենությամբ չի զորացնի իր կյանքը»։ «Փող պիտի հնչեցնեն և ամեն բան պիտի պատրաստեն, բայց ոչ ոք չի գնա պատերազմի, որովհետև Իմ բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է»։ «Տանից դուրս՝ սուրը, իսկ տանը՝ ժանտախտն ու սովը։ Ով դաշտում է, սրով պիտի մեռնի, իսկ ով քաղաքում է, նրան սովն ու ժանտախտն են կուլ տալու»։ «Իսկ նրանց միջից ազատվածները կփախչեն և սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. նրանք բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար»։ «Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դողան»։ «Այդ ժամանակ նրանք քուրձեր պիտի հագնեն, և դողը պիտի պատի նրանց, և բոլորի դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն»։ (Սինոդական թարգ․)
10-18-րդ համարները կազմում են այս մարգարեական խոսքի երկրորդ հատվածը (բաժինը): Մարգարեն զգացական առումով հանդարտվում է, և այստեղից սկսած՝ արդեն իսկ հնարավոր է հետևել նրա մտքի ընթացքին։ Մարգարեն սկսում է ինքն իրեն հաշիվ տալ, թե կոնկրետ ի՛նչ է պատրաստվում Հրեաստանի համար, թե ի՛նչ է սպասում նրան։ Մոտեցող չար ճակատագիրը, որը բնական անհրաժեշտությունից ելնելով՝ բխում է ժողովրդի անաստվածությունից, վերջ կդնի բոլոր չարագործություններին, որոնք ներկայիս անիրավության պայմաններում այդքան դժվարությամբ են գիտակցվում, այն դեպքում, որ պատերազմի սարսափելի հարվածներից պետությունը հիմնահատակ կործանվելու է։ Այս բաժնում՝ գալիք աղետի նկարագրության մեջ, նույնիսկ կարելի է նկատել որոշակի ժամանակագրական հաջորդականություն, որը խիստ յուրօրինակ է, ասել է թե՝ շրջադարձ համեմատական՝ վերջից մինչև սկիզբ։ Մարգարեն առաջին հերթին ցնցվում է այն տխուր հետևանքներից, որոնք քաղդեացիների արշավանքները կթողնեն Հրեաստանում (10-13-րդ համարներ), իսկ այնուհետև նրա աչքի առջև հայտնվում է հենց այդ արշավանքների սարսափելի պատկերը (14-18-րդ համարներ):
«Ահա օրը, ահա եկել է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը» - «Օրը»։ Յոթանասնից թարգմանությունն այս «օր» բառին հավելում է «Տիրոջ» լրացումը։ Սակայն թե ինքն իրենով ինչ է նշանակում «օր» բառը, բավականաչափ հայտնի է Ամոսի մարգարեության 5։18-րդ համարում նկարագրված ժամանակներից ի վեր:
«Գավազանը»՝ որպես պատժի գործիք։ Վուլգաթան հաջողությամբ այս բառը թարգմանում է «virga»՝ «Աստծո պատուհաս»։ Սաղմոս 10:5-րդ համարում այդպես է կոչվում Ասորեստանի թագավորությունը, իսկ այստեղ արդեն խոսքը Քաղդեական թագավորության մասին է: Հավանաբար հենց այս քաղդեական թագավորությանն է վերաբերում նաև հետևյալ՝ ակնհայտորեն զուգահեռական արտահայտությունը. «փթթել է ամբարտավանությունը» (հմմտ․ Երեմ․ 2:21 և Ամբ․ 1:6, այդպես են ընկալում նաև Թարգումն ու Պեշիթոն։ Իսկապես որ, Քաղդեական միապետությունը ծաղկեց գրեթե այն ժամանակվա սերնդի աչքի առաջ և փթթեց երիտասարդական աշխուժությամբ ու թարմությամբ (սլավոներենում՝ «գավազանը ծաղկեց»): Ուրիշներն այս վերջին արտահայտությունը վերագրում են Հուդային. նրա ամբարտավանությունն այնքան էր աճել, որ ստացել էր պատժելու ընդունակ գավազանի տեսք։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ահա եւ Տիրոջ օրը. ահա հասել է վերջը: Եկել է տագնապը, դալարել է գաւազանը. գլուխ է բարձրացրել ամբարտաւանութիւնը:
(Արարատ թարգ․) Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը։
(Գրաբար) Ահաւասիկ օր Տեառն, ահա հասեալ է վախճան. ե՛կն զըմբաղն, ծաղկեցաւ գաւազանն. յարեա՛ւ ամբարտաւանութիւնն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: