Ելից գրքի մեկնություն 12։30

Ա․ Լոպուխին

30-32. Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր ծառաներն ու ողջ Եգիպտոսը: Եգիպտոսի ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ: [30] Եվ փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդից, և՛ դուք, և՛ Իսրայելի որդիները, գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, ինչպես որ ասացիք: Ձեզ հետ վերցրե՛ք ձեր ոչխարներն ու հոտերը, ինչպես որ ասում էիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնեցե՛ք»: (Սինոդական թարգ․)
   
   Ի տարբերություն առաջին ինը պատուհասների՝ տասներորդն ազդում է փարավոնի վրա, ինչպես կանխատեսվել էր (Ելք 11:8): Դրա պատճառը հետևյալն է. եգիպտական դիցաբանության համաձայն՝ փարավոնը ոչ միայն գերագույն Ռա աստծո ներկայացուցիչն էր, այլև՝ նրա որդին: Ռա աստծուն ուղղված փառաբանական երգերից մեկում, իմիջիայլոց, ասվում է. «Քո արժանիքների համար թող երկյուղածությամբ պատվեն արեգակի որդուն՝ փարավոնին, թող երկրպագեն նրան»: Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի է, թե ինչու առաջին ինը պատուհասները չէին ազդել փարավոնի վրա: Նա այսպես էր խորհում. «Թեկուզև Բարձրյալն ապացուցեց Իր գերազանցությունը եգիպտական աստվածների նկատմամբ, բայց ե՛ս էլ եմ աստված, և քանի որ այս ամենից չի երևում, որ Նա ինձ էլ է գերազանցում, ուստի ես անհրաժեշտ չեմ համարում Նրա պահանջներին ենթարկվել»:

   Իսկ այժմ Աստծո ձեռքով սպանվում է նաև իրեն աստված համարող փարավոնի որդին: Հենց Գերագույն Գոյը, և ոչ այլ ոք (Ելք 4:23) ցույց տվեց Իր իշխանությունը նրա նկատմամբ: Տերն ավելի ուժեղ և ավելի բարձր է փարավոնից: Վերջինիս մնում էր, Բարձրյալի դեմ սեփական անզորության գիտակցումից դրդված, միայն խոնարհվել Նրա կամքի առաջ: Եվ փարավոնն իրոք ազատ է արձակում հրեաներին ու կատարում է Մովսեսի պահանջը (Ելք 8:26):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները: Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր:
(Արարատ թարգ․) Եվ գիշերվա մեջ վեր կացան փարավոնը, նրա ծառաներն ու բոլոր եգիպտացիները: Մեծ աղաղակ բարձրացավ Եգիպտոսի մեջ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ:
(Գրաբար) Եւ յարեաւ փարաւոն գիշերայն, ինքն եւ ամենայն ծառայք իւր, եւ ամենայն Եգիպտացիք. եւ եղեւ աղաղակ մեծ յամենայն երկրին Եգիպտացւոց. զի ոչ գոյր տուն յորում ոչ գոյր մեռեալ ի նմա: