Ա. Լոպուխին
3-4. Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշեցե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերը ձեզ Իր հզոր ձեռքով հանեց այստեղից: Թթխմորով հաց չպիտի ուտեք, [3] որովհետև դուք այսօր Ավիվ ամսին եք դուրս գալիս: (Սինոդական թարգ․)
Ելք 13:13-16-րդ համարներում բաղարջակերաց տոնի և առաջնեկների նվիրաբերման օրենքները հայտարարելուց առաջ Մովսեսը տեղեկացնում է դրանց առաջացման պատճառների մասին: Դրանց կյանքի կոչած իրադարձությունները պետք է նշան դառնային հրեայի ձեռքի վրա և «ճակատանոց՝ աչքերի միջև» (Ելք 13:16), այսինքն՝ պետք է նույնքան ակնհայտ, կենդանի, կարելի է ասել՝ շոշափելի լինեին, որքան պարտադիր է ձեռքի վրայի նշանը և աչքերի միջև կապվող ճակատանոցը: Դրանց մասին խորհրդածությամբ պետք է ներծծված լինի հրեայի ողջ սիրտը (Բ. Օր. 6:8 և հաջորդ համարները, 11:18-19), որի պատճառով էլ օրենքները երբևէ մոռացության չեն մատնվի:
Եգիպտոսից ելքի օրվա հիշատակումը պետք է ուղեկցվեր բաղարջների վերաբերյալ օրենքի կատարմամբ, քանի որ «չարչարանքների հացի»՝ բաղարջի ճաշակումն իրականում այդ իրադարձության մասին հիշողության պատկերավոր արտահայտությունն էր (Բ. Օր. 16:3):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից: Թթխմորով հաց չպիտի ուտէք,
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ծառայության տնից, որովհետև Տերը զորավոր ձեռքով ձեզ դուրս բերեց այդտեղից: Եվ թթխմորով հաց պետք է չուտեք:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցժողովուրդն. Յիշեսջիք զաւրս զայս, յորում ելէք յԵգիպտոսէ ի տանէ ծառայութեան. զի հզաւր ձեռամբ եհան զձեզ Տէր աստի: Եւ ոչ ուտիցէք խմորուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: