Ա. Լոպուխին
32-34․ Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է պատվիրում Տերը. «Մի ամանի մեջ մեկ չափ մանանա լցրե՛ք, որ այն պահվի ձեր սերունդների համար, որպեսզի նրանք տեսնեն այն հացը, որով կերակրեցի ձեզ անապատում, երբ ձեզ դուրս էի բերում Եգիպտոսի երկրից»»: [32] Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր առ, նրա մեջ մեկ չափ մանանա լցրու և այն դիր Տիրոջ առաջ, որ պահվի ձեր սերունդների համար»: Եվ ինչպես որ Տերը պատվիրեց Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որպեսզի պահվի: (Սինոդական թարգ․)
Քանի որ վկայության խորանը (բառացի՝ «հանդիպման վրան» – ծանոթ. թրգմ.) և դրա պարագաները, մասնավորապես՝ ուխտի տապանակը, ավելի ուշ են պատրաստվել, ուրեմն, ըստ որոշ մեկնաբանների, այս հատվածում նկարագրված դեպքերը հրեաների՝ Սին անապատում գտնվելուց ավելի ուշ են տեղի ունեցել: Ուրիշներն էլ, հիմնվելով Ելք 33:7-րդ և հետագա համարների վրա, ենթադրում են, որ խորանի պատրաստումից առաջ հրեաները հատուկ սրբարան ունեին, որտեղ էլ դրվել էր մանանայով լի սափորը:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից»»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է պատվիրում Տերը. “Մեկ օմեր լցրեք դրանից, որ այն պահվի ձեր սերունդների համար, որպեսզի նրանք տեսնեն այն հացը, որով կերակրեցի ձեզ անապատում, երբ ձեզ դուրս էի բերում Եգիպտոսի երկրից”»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Այս բան է` զոր հրաման ետ Տէր. Լցէք լի չափով զմանանայդ յաման մի. եւ պահեցէք յազգս ձեր. զի տեսանիցէք զհացդ զոր կերայք դուք յանապատի աստ. ի ժամանակի իբրեւ եհան զձեզ Տէր յերկրէն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: