Ելից գրքի մեկնություն 2։2

Ա. Լոպուխին

Կինը հղիացավ ու մի որդի ծնեց: Եվ տեսնելով, որ նա շատ գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան: (Սինոդական թարգ․)[2]
   
   Մայրական բնազդին բնորոշ առանձնահատուկ զգացողությամբ նորածնի կյանքի փրկության հոգածությունը պայմանավորվում է մանկան գեղեցկությամբ (հուն. ἀστεῖος` բարեկազմ, վայելչակազմ): Ըստ առաջին նահատակ Ստեփանոսի՝ Մովսեսը «Աստծո առաջ գեղեցիկ էր» (Գործք. 7:20) և տարբերվում էր բացառիկ, ոչ երկրային գեղեցկությամբ: Այդ գեղեցկությունը մանկան մորը հուշում է ծնվածի առանձնահատուկ առաքելության մասին, որին հավատալով՝ մայրը շուրջ երեք ամիս թաքցնում է մանկանը (Եբր. 11:23): Հնարավոր է նաև որ Մովսեսի ծնունդը համընկել է Նեղոսի հեղեղման ժամանակահատվածի հետ, որը տևել է երեք ամիս։ «Այդ ժամանակ,- ասում է գերմանացի աստվածաբան Բեերը,- գյուղերի, քաղաքամերձ վայրերի և բլուրների վրա գտնվող բնակավայրերի հետ հաղորդակցությունը հնարավոր էր թերևս միայն նավով: Նման պարագայում անսպասելի այցելություններ կազմակերպելու գործը դժվարանում էր: Ինչպես երևում  է ճանապարհորդությունների մասին նկարագրություններից, այդ ժամանակամիջոցում յուրաքանչյուրը հանգիստ սրտով մնում էր տանը և հանգստությամբ անցկացնում էր իր օրը: Միևնույն ժամանակ միանգամայն հնարավոր էր դառնում տանը մի բան ձեռնարկել , որը թաքուն էր մնում անգամ ոչ շատ հեռու բնակվող դրկիցների համար, ուստի և Մովսեսի ծնողները կարողացան իրենց երեխային թաքցնել եգիպտացիներից՝ առանց վտանգելու սեփական կյանքը»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան:
(Արարատ թարգ․) Եվ կինը հղիացավ ու մի որդի ծնեց: Եվ տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան:
(Գրաբար) Եւ յղացաւ` ծնաւ արու: Եւ տեսանէին զնա կայտառ. եւ թաքուցին զնա ամիսս երիս: