Ա. Լոպուխին
Երբ այլևս չէին կարող նրան թաքցնել, վերցրեց եղեգներից հյուսված մի զամբյուղ, այն ծեփեց կուպրով և ձյութով, դրա մեջ դրեց մանկանը և զամբյուղը դրեց ծանծաղուտ մի տեղ՝ գետափին մոտիկ: (Սինոդական թարգ․)[3]
Երբ գետի վարարումն ավարտվեց և այլևս հնարավոր չէր թաքցնել նորածնին, Հովքաբեթը նոր միջոց է հնարում մանկանը փրկելու համար: Այդ վայրերում աճող բույսից՝ պապիրուսից (եբր. «գօմէ»), որն ըստ Թեոփրաստի, Պլինիի և այլոց վկայությունների եգիպտացիները օգտագործում էին թեթև նավերի, զամբյուղների պատրաստման համար, Հովքաբեթը պատրաստում է տապան (եբր. «տեբա», Ծննդ. 6:14)՝ նույն ինքը՝ զամբյուղ, և որպեսզի այն առավել ամուր լինի ու իր մեջ պահի մանկիկին, մայրն այդ զամբյուղը ձյութում է և, մանկանը դնելով դրա մեջ, այն իջեցնում է վտակը՝ ա՛յն հատվածում, ուր հոսք չկար, որպեսզի հոսանքը չկարողանար նրան տանել: Այլ զամբյուղը դնում է ծառեզրի ջրի՝ «սուֆ»-ի մեջ (հուն. ‘‘εἰς τὸ ἕλος’’-գետի թեքվածքում), այսինքն՝ ոչ թե եղեգնուտում, ինչպես ռուսերեն Աստվածաշնչում է գրված, այլ ջրիմուռների մեջ՝ մացառուտներում, քանի որ եբրայերեն «սուֆ» բառը, դատելով Հովնան մարգարեի գրքում նրա գործածությունից (Հովն․ 2:6), նշանակում է հենց ջրիմուռ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ:
(Արարատ թարգ․) Եվ երբ տեսավ, որ այլևս չի կարող թաքցնել, վերցրեց եղեգներից հյուսված մի տապանակ, այն ծեփեց կպրաձյութով, տղային դրեց այնտեղ և իջեցրեց գետեզերքի եղեգնուտի մեջ:
(Գրաբար) Եւ իբրեւ ոչ եւս կարէին թաքուցանել, առ մայրն նորա տապանակ պրտուեայ, եւ ծեփեաց զնա կպրաձիւթով. եւ եդ ի նմա զմանուկն, եւ ընկէց զայն ի խաղ մի առ ափն գետոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: