Ելից գրքի մեկնություն 29։22

Ա. Լոպուխին

22-25. Եվ կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամները, դրանց վրայի ճարպը և աջ ազդրը։ [22] Եվ Տիրոջ առաջ դրած բաղարջի այն սակառից կվերցնես մեկ հացի նկանակ, մեկ յուղով հունցած բլիթ և մեկ լավաշ։ Այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա ու որպես ընծա դրանք կնվիրաբերես Տիրոջը: Եվ կառնես նրանց ձեռքից ու զոհասեղանի վրայի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ՝ որպես անուշահոտ բուրմունք: Սա զոհաբերություն է Տիրոջը: (Սինոդական թարգ․)
   
   Ա՛յն, որ քահանաների ձեռքերի վրա դրվում էին զոհ մատուցվող կենդանու այն անդամները, որոնք պետք է զոհաբերվեին Աստծուն, ինչպես նաև ա՛յն, որ նվիրաբերվում էր երեք տեսակի հաց (հաց, կարկանդակ ու բլիթ) և այդ ամենը նվիրաբերվում էին նախքան այրվելը, այդ բոլորը մասն էին կազմում Բարձրյալին ընծայաբերվող զոհերի մատուցման ծիսակարգի: Այդ ընծաները տալիս էին քահանաների ձեռքը նաև այն պատճառով, որպեսզի նրանք, իբրև քահանաներ, մշտապես զոհեր նվիրաբերեին Աստծուն: Հենց այսպիսի իմաստ է տրվում ծիսակարգային սույն արարողություններին, որոնք հիշատակված են 22-րդ համարում՝ «դա սրբազան նվիրագործություն է»:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը»: Դա սրբազան նուիրագործութիւնն է:
(Արարատ թարգ․) Եվ կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամները, դրանց վրայի ճարպը և աջ ազդրը, (որովհետև սա նվիրաբերության համար մորթվող խոյն է):
(Գրաբար) Եւ առցես ի խոյէ անտի զճարպն եւ զդմակն եւ զճարպ թաղանթոյ քաղրթին, եւ զլերթաբոյթն եւ զերկուս երիկամունս ճարպովին. եւ զերին աջոյ. զի այն է կատարումն: