Ա. Լոպուխին
1-3. Եվ ասաց Տերը Մովսեսին. «Շտապի՛ր, գնա՛ այստեղից դու և քո ժողովուրդը, որին դու դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից, և գնա այն երկիրը, որի մասին Ես երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. «Քո սերունդներին եմ տալու»։ [1] Քո առաջից կուղարկեմ [Իմ] հրեշտակին և կփախցնեմ քանանացիներին, ամորացիներին, քետացիներին, փերեզացիներին, [գերգեսացիներին], խեվացիներին և հեբուսացիներին: Եվ նա կառաջնորդի ձեզ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Սակայն Ինքս չեմ գա ձեր հետ, որպեսզի ճանապարհին չկործանեմ ձեզ, քանի որ դուք խստապարանոց ժողովուրդ եք»: (Սինոդական թարգ․)
Մերժելով իրեն օրենք տվող Աստծուն՝ ժողովուրդն այլևս անհրաժեշտություն և դրդապատճառ չունի մնալու օրենքի տվչության լեռան մոտ՝ Բարձրյալի բնակության վայրում (Ելք. 19): Ժողովուրդը կարող է շարունակել իր ճանապարհն ավետյաց երկրի ուղղությամբ. «Գնա այստեղից դու և քո ժողովուրդը»: Այնտեղ մտնել նրանք կարող են միայն Աստծո կողմից նահապետներին տրված անխախտելի երդման ուժով: Սակայն այդ երդման իրականացումը դեռևս չի բացառում հրեաների մեջ Տիրոջ ներկայության հնարավորությունը, իսկ Նա չի հանդուրժի ժողովրդի խստասրտության հետագա դրսևորումները և կկործանի նրանց Քանան հասնելու ճանապարհին (33:3): Բայց մյուս կողմից, քանի որ հրեաներն առանց վերին ուժերի օգնության չեն կարող տիրել այդ երկրին, այդ իսկ պատճառով նրանց համար Աստծուց Հրեշտակ է ուղարկվում: Վերջինս այլևս Բարձրյալի կամ էլ Ուխտի հրեշտակը չէր (Ելք 23:20), ուստի նրա ներկայությունը տարբերվում է ժողովրդի մեջ ինքնին Աստծո բնակությունից: Ամենից առաջ այն ժամանակավոր բնույթ է կրում՝ տևելու է մինչև Քանանի բնակչության արտաքսումը հրեաների գրաված վայրերից: Երկրորդ՝ այդ ներկայությունը չի ուղեկցվելու ժողովրդի հետ որևէ շփումով. «Հրեշտակը կգնա ժողովրդի առաջից» (հմմտ. Ելք 23:20-22): Եվ երրորդ՝ հրեշտակն Իսրայելից սրբություն չի «պահանջում». ժողովրդի առջևից գնացող հրեշտակի առաջնորդությունը չի խանգարում հրեաների խստակամ լինելուն (Ելք 33:3, հմմտ. Ելք 23:21): Սակայն եթե Յահվեն ներկա չլինի հրեաների մեջ, ապա նրանք կդադարեն լինել ընտրյալ ժողովուրդ և կհավասարվեն մնացյալ ազգերին: Այդ իսկ պատճառով Մովսեսը մի փոքր ավելի ուշ ասում է. «Եթե Դու գաս մեզ հետ, ապա ես և Քո ժողովուրդը առավել փառավոր կլինենք երկրի վրա գոյություն ունեցող ազգերից» (Ելից. 33:16):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից ու գնա՛ այն երկիրը, որը խոստացա Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Այն քո սերնդին եմ տալու”:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Երթ ել աստի, դու եւ ժողովուրդն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր երդուայ Աբրաամու` եւ Սահակայ` եւ Յակոբայ. ասեմ, Զաւակի ձերում տաց զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: