Ա. Լոպուխին
11-17. Մտապահի՛ր այն ամենը, ինչ-որ պատվիրում եմ քեզ հիմա: Ահա Ես քո առջևից փախցնում եմ Ամորհացիներին, Քանանացիներին, Քետացիներին, Փերեզացիներին, Խևացիներին և Հեբուսացիներին: [11] Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չհաստատես այն երկրի բնակիչների հետ, ուր պիտի գնաս, որպեսզի նրանք որոգայթ չպատրաստեն ձեր մեջ: Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները և կոտրատե՛ք կուռքերը: Քանի որ դու չպետք է երկրպագես այլ աստվածների, բացի քո Տիրոջից, քանի որ Նրա անունը Նախանձոտ է: Նա նախանձոտ Աստված է: Դաշինք մի՛ կնքիր այդ երկրի բնակիչների հետ, որպեսզի երբ նրանք, իրենց աստվածների հետևից գնալով, պոռնկություն գործեն և զոհեր մատուցեն իրենց աստվածներին, քեզ էլ մասնակից չդարձնեն և դու էլ չճաշակես նրանց զոհերից: Եվ նրանց աղջիկներից կին չառնե՛ս քո որդիների համար, որպեսզի նրանց դուստրերը, իրենց աստվածներին հետևելով և պոռնկանալով, քո որդիներին էլ իրենց աստվածներին հետևից ընթանալու և պոռնկության մեջ չներգրավեն: Քեզ համար ձուլածո աստվածներ չպատրաստես: (Սինոդական թարգ․)
Ուխտի վերականգման ժամանակ, ինչպես և այն կնքելիս էր, Իսրայելի ժողովրդին տրվում են հիմնական օրենքներ, որոնք որ որոշում են Աստծո հետ նրա հարաբերությունները: Եվ քանի որ վերականգված Ուխտը նույնական է նախկինում կնքված Ուխտի հետ, այդ իսկ պատճառով դարձյալ նույն օրենքներն են տրվում: Առաջին պատվիրանը կրկնվում է (հմմտ. Ելք. 20:2-3, 23:23-24) խստացված հորդորով և հրամանով՝ խուսափել այն ամենից, ինչը կհանգեցնի դրա խախտմանը: Այդ խոչընդոտների թվին են դասվում տարբեր դաշինքները՝ հատկապես Քանանի բնակիչների հետ ամուսնական ուխտ կնքելու (Հեսու 23։7, 12-13) և հեթանոսական հուշարձանների պահպանության խնդիրները՝ մասնավորապես «սրբազան անտառների» հարցը, որը եբրայերեն նույն «աշեռն» է և մատնանշում է Աստարոթ աստվածուհու՝ ծառից պատրաստված արհեստական արձանները (Բ Օր. 12:2 և շարունակությունը Գ Թագ. 14:23, Դ Թագ. 17:10, Եր. 17:2 և այլն):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր: Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին:
(Արարատ թարգ․) Մի՛տդ պահիր, ինչ այսօր քեզ պատվիրում եմ: Ահա քո առջևից պիտի քշեմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին:
(Գրաբար) Զգոյշ լեր դու ամենայնի, զոր միանգամ պատուիրեցի քեզ այսաւր: Ահաւասիկ ես մերժեմ յերեսաց ձերոց զԱմովրհացին, եւ զՔանանացին, եւ զՔետացին, եւ զՓերեզացին, եւ զԽեւացին, եւ զԳերգեսացին, եւ զՅեբուսացին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: