Ա․ Լոպուխին
10-17. Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Օ՜հ, Տե՛ր իմ, ես ճարտարախոս չեմ, ու այդպիսին եմ եղել թե՛ երեկ, թե՛ մեկ օր առաջ, և թե՛ այն ժամանակ, երբ Դու սկսեցիր խոսել Քո ծառայի հետ․ ես անվարժ եմ խոսում և ծանրախոս եմ»: [10] Տերն ասաց. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ Ես՝ Տերս: Արդ, գնա՛, Ես կբացեմ քո բերանը և քեզ կսովորեցնեմ, թե ինչ խոսես»։ Մովսեսն ասաց. «Տե՛ր, մեկ այլ, կարող մարդո՛ւ ուղարկիր»: Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն կխոսի: Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու, և երբ տեսնի քեզ, սրտանց կուրախանա: Դու կխոսես նրա հետ և խոսքեր կդնես նրա շուրթերին: Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք: Եվ քո փոխարեն նա կխոսի ժողովրդի հետ: Նա քեզ համար կլինի որպես բերան, իսկ դու նրա համար՝ որպես աստված: Եվ ձեռքդ վերցրու այս գավազանը․ դրանով դու նշաններ կգործես»։ (Սինոդական թարգ․)
Այդ երեք հրաշքների կատարումը Մովսեսին ներշնչեց այն միտքը, որ Աստված նմանատիպ մի հրաշքով էլ գուցե վերացնի իր բնածին արատը՝ թոթովախոսությունը: Տառապելով դրանից «մինչև օրս», այսինքն՝ բավականին երկար ժամանակ (Դան. 13:15, Ա Մակ. 9:44)՝ Մովսեսը չէր կարող իր վրա վերցնել Աստծո պատվիրակը լինելու դերը, քանի որ իր թոթովախոսության պատճառով («ես պերճախոս չեմ», Ելք 4:10) ի վիճակի չէր լինի պատշաճ տպավորություն գործել ժողովրդի և փարավոնի վրա (Ելք 6:12, Երեմ. 1:6):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ճարտարախոս չեմ, ու այդպես եմ եղել թե՛ երեկ, թե՛ մեկ օր առաջ, թե՛ Քո ծառայի հետ խոսելիս, ես ծանրախոս և ծանրալեզու եմ»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցՏէր. Աղաչեմ զքեզ Տէր, չեմ բաւական, որպէս թէ յերիկէ եւ յեռանտէ, եւ ոչ յորմէհետէ սկսար խաւսել ընդ ծառայի քում. զի նրբաձայն եւ ծանրալեզու եմ ես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: