Ելից գրքի մեկնություն 4։2

Ա․ Լոպուխին

2-9․ Եվ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքում»: Եվ նա պատասխանեց. «Գավազան»: [2] Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»: Մովսեսը գետին գցեց գավազանը, այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ դրանից: Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր և պոչից բռնի՛ր»: Եվ նա մեկնեց իր ձեռքը, բռնեց, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում: «Այդպես կանես, որպեսզի հավատան, որ քեզ երևացել է Տերը՝ նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Տերը դարձյալ ասաց նրան. «Ձեռքդ ծո՛ցդ դիր»: Եվ նա իր ձեռքը ծոցը տարավ ու դուրս հանեց. ահա ձեռքը բորոտի հիվանդ ձեռքի պես սպիտակեց, ինչպես ձյունը։ Աստված ասաց. «Ձեռքդ կրկին ծո՛ցդ դիր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, հետո հանեց այն իր ծոցից, և ահա դարձյալ իր մարմնի պես եղավ: Աստված ասաց. «Եթե չհավատան քեզ ու չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո մյուս նշանին: Եթե պատահի, որ չհավատան երկու նշաններին էլ և չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես ցամաքի վրա, և գետից վերցրած այդ ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»: (Սինոդական թարգ․)

 

Մովսեսի՝ Աստծուն կրկին մերժելու միանգամայն տեղին դրդապատճառը դադարում է անհաղթահարելի խոչընդոտ լինել Մովսեսի վրա դրված հանձնարարության կատարման համար: Նա լցվում է հրաշագործելու զորությամբ, որը պետք է վստահեցներ ժողովրդին, որ իրենց առջև կանգնածը սովորական մարդ, առավել ևս՝ ինքնակոչ մեկը չէ, այլ Աստծո պատվիրակն է (Ելք 4:5, 30-31):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գաւազան»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքում»: Եվ նա պատասխանեց. «Գավազան»:
(Գրաբար) Ասէ ցնա Տէր. Զի՞նչ է այդ որ ի ձեռին քում է: Եւ նա ասէ` Գաւազան: