Ա․ Լոպուխին
24-27. Եվ Տերն այդպես էլ արեց: Բազում ճանճեր թռան-եկան փարավոնի տան, նրա ծառաների տների ու Եգիպտոսի ողջ երկրի վրա: Երկիրը ճանճերից կործանվեց: [24] Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին ու ասաց. «Գնացե՛ք, այս երկրում զո՛հ մատուցեք ձեր Աստծուն»: Բայց Մովսեսն ասաց. «Պատշաճ չէ այդպես անել, որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելի եղածը կզոհաբերենք Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների աչքի առաջ զոհաբերենք իրենց համար գարշելին, մի՞թե նրանք մեզ չեն քարկոծի: Մենք երեք օրվա ճանապարհ կգնանք դեպի անապատ և զոհ կմատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ Նա կասի մեզ»: (Սինոդական թարգ․)
Հրեաների մերժումը՝ փարավոնի առաջարկն ընդունելու փոխարեն՝ «գնացե՛ք, այս երկրում զո՛հ մատուցեք ձեր տեր Աստծուն», բացատրվում է նրանով, որ հրեաների զոհաբերությունը, եգիպտացիների համար գարշելի լինելով, կհուզեր վերջիններիս կրոնական մոլեռանդությունը և նրանք քարերով կսպանեին հրեաներին: Սիրիական Պեշիտտոյի, Անկելոսի թարգմանության, ինչպես նաև մի շարք մեկնաբանների նկատառումների համաձայն՝ եգիպտացիների մոլեռանդությունը կարող էր պատճառաբանվել հրեաների կողմից այնպիսի կենդանիների զոհաբերությամբ, որոնք Եգիպտոսում սուրբ էին համարվում և որոնց զոհաբերումը, որպես սրբապիղծ գործ, ըստ եգիպտացիների ընկալման հատուցում էր պահանջում: Սակայն ուրիշների կարծիքով (Լանգե)՝ հակակրանքի զգացողություն կարող էր արթնացնել ո՛չ միայն կենդանու ընտրությունը, այլև ողջ հրեական պաշտամունքը որպես օտար պաշտամունք: Այս ամենի վկայությունը կարող ենք գտնել հետևյալ բառերում. «…Տիրոջը՝ մեր Աստծուն»: Զոհաբերությունը զզվելի էր նաև այն պատճառով, որ այն մատուցվում էր անտեսանելի և Եգիպտոսի համար անպաշտելի Աստծուն:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն այդպէս էլ արեց: Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Շնաճանճերից կործանուեց երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Տերն այդպես արեց. շատ շնաճանճ եկավ փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա: Եվ շնաճանճի պատճառով երկիրն ապականվեց:
(Գրաբար) Եւ արա՛ր Տէր այնպէս. և եկն շանաճանճ բազում ‘ի տունս փարաւոնի, և ‘ի տունս ծառայից նորա. և յամենայն երկիրն Եգիպտացւոց։ և սատակեցա՛ւ երկիրն ‘ի շանաճանճէ անտի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: