Ա. Լոպուխին
Լսեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք մեր Աստծո օրենքներին, ով Գոմորի ժողովուրդ: (Սինոդական թարգ․) [10]
10-20 համարները: Աստված արթնության է կոչ անում հանցավորներին, որոնք իջել և հասել էին սոդոմացիների հանցավորության մակարդակին, և հրեաներին ակնարկում է, որ նրանք կրկին կարող են դեպի իրենց հրավիրել Տիրոջ ողորմությունը: Դրա համար, սակայն, պահանջվում են ո՛չ թե զոհաբերություններ, ո՛չ թե տոնակատարություններ, այլ սեփական կյանքի ողջ ընթացքի շտկում, դարձ դեպի ճշմարտության և արդարության ճանապարհները մերձավորների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մեջ:
Իշխանները կամ առաջնորդները՝ ընտրյալ ժողովրդի կառավարիչները, իրենց մեղքերով նման են սոդոմացիներին, իսկ ժողովուրդը՝ Գոմորի բնակչությանը: Եզեկիել մարգարեն Սոդոմը բնորոշում է որպես աղքատների հանդեպ հպարտությամբ, անտարբերությամբ, անգործությամբ և ամեն տեսակի անարդարությամբ լցված մեկի (Եզ. 16:49): Այդ նույն մեղքերով էլ ծանրացած էին հրեաների կառավարիչները: Սակայն մյուս կողմից էլ՝ ժողովուրդն արժանի էր իր առաջնորդներին, քանի որ ժողովրդի մեղավորությունն էլ իր հերթին նմանվում էր Գոմորի մեղավորությանը:
Աստծո օրենքը ոչ միայն Աստծո այն օրենքն է, որը տրվել է Մովսեսի միջոցով, այլ նաև՝ Աստծո բոլոր հայտնությունները, որոնք հաղորդվել են մարգարեների կողմից:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ:
(Արարատ թարգ․) Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։
(Գրաբար) Լուարուք զբան Տեառն իշխանք սոդոմացւոց. ունկն դիք աւրինաց Աստուծոյ ժողովուրդք գոմորացւոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: