Եսայու մարգարեության մեկնություն 1։11

Ա. Լոպուխին

«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը։ -Ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից և պարարտ անասունների ճարպից, ցլերի, գառների ու նոխազների արյունը չեմ ուզում»։ (Սինոդական թարգ․) [11]
   
   Աստված զոհաբերությունները հաստատել է ոչ թե այն բանի համար, որ Նա Ինքն ուներ դրանց կարիքը, այլ որպեսզի այդպիսով հրեաներին շեղեր հեթանոս աստվածներին զոհաբերություններ մատուցելուց, և բացի այդ, ինչպես որ ասում է Հերոնիմոս երանելին, որպեսզի այդ զոհաբերությունների միջոցով մարդու միտքը հասցներ «հոգևոր զոհաբերության» անհրաժեշտության գիտակցմանը: Հրեաներն էլ այդ առատության մեջ զոհաբերություններ էին կատարում՝ մատուցելով կա՛մ ամբողջական կենդանուն (ողջակեզներ), կա՛մ կենդանիների մարմնի որոշ ընտիր հատվածները (ճարպը և յուղը), կա՛մ էլ, վերջապես, կենդանիների միայն արյունն էին մատուցում: Սակայն այդ ամենով հանդերձ հրեաների սրտում բացակայում էր սրբազան ծիսակատարությանը համապատասխան բարեպաշտությունը, և այդ իսկ պատճառով էլ մարգարեն մեղադրում է նրանց: Սակայն զոհաբերությունը՝ որպես կրոնական զգացողության անհրաժեշտ արտահայտություն, մարգարեն ինքն էլ էր ընդունում (19:21, հմմտ. 29:1 և շարունակությունը, 34:6 և շարունակությունը): Այդ մասին ավելի մանրամասնորեն կարելի է ընթերցել՝ А. Спасского: Отношение пророков к обрядовому закону Моисея // Чтение в обществе любителей духовного просвещения. 1886 թ., Մարտ (Վերահրատարակվել է: Спасский А. А. Отношение пророков к обрядовому закону Моисея. Святой Иустин и синоптические Евангелия. Исследования по истории древнейЦеркви. СПб., 2006թ.):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ,
(Արարատ թարգ․) «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։
(Գրաբար) Զի՞ կայ` իմ եւ յաճախելոյ զոհիցդ ձերոց` ասէ Տէր. յագեալ եմ ողջակիզաւք խոյոց ձերոց. եւ զճարպս գառանց, եւ զարիւն ցլուց եւ նոխազաց ոչ կամիմ: