Ա. Լոպուխին
21-23․ Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ մայրաքաղաքը, որը լի էր արդարադատությամբ։ Նրա մեջ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները: [21] Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։ Քո իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, նրանք բոլորն էլ նվերներ են սիրում ու կաշառքի հետևից են ընկել, որբերին չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին: (Սինոդական թարգ․)
21-31 համարներ: Մեկ անգամ ևս մի հակիրճորեն ակնարկելով Երուսաղեմի կործանման մասին՝ մարգարեն կանխագուշակում է քաղաքի վերաբերյալ Տիրոջ դատաստանի մասին, որի միջոցով ընտրյալ ժողովուրդը կմաքրվի իր մեղավորությունից և Երուսաղեմը կրկին կդառնա ճշմարտության քաղաքը: Նրանք, ովքեր կհամառեն՝ իրենց մեղքերի մեջ մնալով, կոչնչանան Աստծո բարկությունից այնպես, ինչպես որ չոր արմատները՝ կրակի մեջ:
Երուսաղեմն այստեղ կոչվում է «պոռնիկ», որը դավաճանել է Տիրոջը, Ով մարգարեների կողմից նկարագրվում է իբրև հինկտակարանյան Եկեղեցու կամ ընտրյալ ժողովրդի ամուսին (Եզ. 16:15, Ովս. 1:2): Երուսաղեմի բնակիչները խախտել են Բարձրյալի և Նրա օրենքների հանդեպ իրենց հավատարմությունը, չեն կատարում աստվածային արդարության պահանջները և անգամ ճշմարիտ Աստծո հետ իրենց փոխկապվածությունը «կիսում» են այլ աստվածների հետ (ինչպես, օրինակ, Աքազը և մյուս հրեաները, որոնք պաշտամունք էին մատուցում օտար աստվածներին):
«Արծաթը» խորհրդաբանորեն ներկայացնում էր հրեա հասարակության արիստոկրատ, կառավարող դասին: Այդ «արծաթը» կորցրել էր իր ողջ արժեքը և սկսել էր իր մեջ ներառել միայն թափոններ (աղտոտվածություն):
«Գինին» (եբր.՝ «սոբե»-լավագույն, թունդ գինին) կամ, ինչ որ նույնն է՝ հասարակության բարձր խավը կորցրել է իր խիզախությունն այնպես, ինչպես որ լավ գինին է փչանում իր մեջ լցված ջրի պատճառով:
«Իշխանները» դատավորներն են, որոնց մարգարեն մեղադրում է խեղճ մարդկանց հանդեպ ցուցաբերած կաշառակերության և խստասրտության մեջ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները:
(Արարատ թարգ․) Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։
(Գրաբար) Զի՞արդ եղեւ պոռնիկ քաղաքն հաւատարիմ Սիոն, լի հաւատովքն` յորում արդարութիւն հանգուցեալ էր, եւ արդ` սպանաւղք են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: