Եսայու մարգարեության մեկնություն 10։9

Ա. Լոպուխին

Մի՞թե Քաղանեն նույնը չէ, ինչ որ Քարքեմիշը, Եմաթը նույնը չէ՞, ինչ որ Արփաթը, Սամարիան նույնը չէ՞, ինչ որ Դամասկոսը։ (Սինոդական թարգ․) [9]
   
   Ասորեստանցիների թագավորն իր համար անհնարին չի համարում թշնամական ամենահզոր ամրոցի գրավումը։

   «Քաղանեն» (եբր․՝ «Կալնո») անհայտ քաղաք է։ Ոմանք այն նույնացնում են հնագույն Քթեսիփոնի հետ, որը գտնվում էր Տիգրիսի արևելյան ափին՝ Բաղդադից հարավ։ Մյուսներն այն նմանեցնում են Կուլլանի քաղաքի հետ, որը, ինչպես երևում է, Եմաթի տիրապետության ներքո էր։ Այս վերջին քաղաքը, իրապես, 738 թ․ գրավվել էր ասորական թագավոր Թիգլաթպալասարի կողմից (ասորական հիշատակարաններում այս քաղաքը անվանվում է Կունուլուա կամ Կինալիա)։

   «Քարքեմիշը»  քաղաք է քետացիների երկրում՝ Եփրատի արևմտյան աջ ափին։ Այն Ասորեստանին է միացվել Սարգոնի կողմից (717 թվականին), սակայն ավելի վաղ այն կարող էր գրավել նաև Թիգլաթպալասարը՝ դեպի արևմուտք իր արշավանքի ժամանակ։

   «Եմաթը» (եբր․՝ «Համատ) հյուսիսային Սիրիայի գլխավոր քաղաքն է՝ Օրոնտես գետի ափին։ Նրանից ոչ հեռու՝ հյուսիսային կողմում էր գտնվում Արփաթ քաղաքը (ներկայիս Թել-Էրփադը), որը 740 թվականին գրավվել էր Թիգլաթպալասարի կողմից այն դեպքում, երբ Եմաթը Ասորեստանին էր միացվել միմիայն 720 թվականին՝ Սարգոնի օրոք։

   «Դամասկոսը» ասորեստանցիների կողմից գրավվել էր 732 թվականին, իսկ «Սամարիան»՝ Սարգոնի թագավորության սկզբում՝ 722 թվականին։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) կը պատասխանի. «Մի՞թէ ես չնուաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, եւ Քաղանէն, ուր աշտարակը կառուցուեց: Ես գրաւեցի նաեւ Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան:
(Արարատ թարգ․) մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։
(Գրաբար) ո՞չ առի զաշխարհն որ ի վեր է քան զԲաբելովն, եւ զքաղանէ ուր աշտարակն շինեցաւ: Առի եւ զԱրաբիա, եւ զԴամասկոս, եւ զՍամարիա: