Եսայու մարգարեության մեկնություն 11։11

Ա. Լոպուխին

Եվ այդ օրը կլինի այսպես․ Տերը նորից պիտի մեկնի Իր ձեռքը՝ ազատագրելու համար Իր ժողովրդի մնացորդներին, որոնք մնացած են լինելու Ասորեստանում ու Եգիպտոսում, Պաթուրեսում ու Եթովպիայում, Էլամում ու Սենաարում, Եմաթում ու ծովի կղզիներում: (Սինոդական թարգ․) [11]
   

   «Նորից պիտի մեկնի Իր ձեռքը»․ Իսրայելի առաջին ազատագրումը Եգիպտոսից եղավ Մովսեսի ժամանակ: Այժմ մարգարեն ասում է, որ Տերը երկրորդ անգամ Իր ամենազոր ձեռքով պետք է նմանօրինակ ազատագրում կատարի: Իսրայելի գերության վայրերը թվարկվում են հետևյալ հերթականությամբ՝

   1․ Ասորեստան, որի ներքո պետք է հասկանալ միջագետքյան թագավորություններն առհասարակ և, գլխավորապես, Խալդիական թագավորությունը, որը զավթել էր Ասորական պետությունը։
   2․ Եգիպտոսը (եբր.՝ «Միցրաիմ»)՝ ստորին Եգիպտոսը։
   3․ Պաթուրեսը կամ Վերին Եգիպտոսը։
   4․ Խուսը կամ Քուշը, նույնն է թե՝ Եթովպիան։
   5․ Էլամը՝ Տիգրիսից այն կողմ գտնվող մի տարածաշրջան։
   6․ Սենաարը՝ Բաբելոնի հարավային հատվածը, որտեղ է գտնվել նաև Աստվածաշնչյան Ուր քաղաքը։
   7․ Եմաթը, որ գտնվում է Եփրատից դեպի արևմուտք (հմմտ. Ես. 10:9)։
   8․ Ծովի, իհարկե, Միջերկրակա՛ն ծովի կղզիները, որոնց անվան տակ հրեաները հասկանում էին նաև մոտակա երկրները՝ Փյունիկիան և Փոքր Ասիան, ուր էլ որ վաղուց ի վեր հրեաները գերության էին տարվում և վաճառվում էին ստրկության:
   Թե այստեղ ինչ ժամանակահատված նկատի ունի մարգարեն, դժվար է ասելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատագրումը տարածվելու էր գրեթե այն բոլոր երկրների վրա, որտեղ սփռված էին հրեաները, կարելի է ենթադրել, որ մարգարեն այստեղ տեսնում է ընտրյալ ժողովրդի մնացորդացի ամբողջական և կատարյալ ազատագրումը, որը պետք է կյանքի կոչեր տվյալ ժամանակահատվածում այդքա՜ն սպասված Մեսիան, Որը պետք է ազատագրեր սատանայի և մահվան իշխանությունից: Հրեա ընտրյալ ժողովրդի մնացորդացի այս մուտքը դեպի Քրիստոսի թագավորություն պետք է իրականանա աշխարհի վերջին ժամանակներում (Հռոմ. 11:15, 26):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրը նորից պիտի ցոյց տայ իր ձեռքը՝ նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանուած են լինելու Ասորեստանում եւ Եգիպտոսում, Բաբելոնում եւ Եթովպիայում, Էլամում եւ Արեւելքում, Արաբիայում եւ ծովի կղզիներում:
(Արարատ թարգ․) Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի Ասորեստանից, Եգիպտոսից, Պաթուրեսից, Եթովպիայից, Եղամից, Սենաարից, Եմաթից և ծովեզրից։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, յաւելցէ Տէր ցուցանել զձեռն իւր. նախանձելիս առնել զմնացորդս ժողովրդեան իւրոյ որ մնացեալ իցեն յԱսորեստանեայց` եւ յԵգիպտացւոց` եւ ի Բաբելացւոց` եւ յԵթւովպացւոց` եւ յԵլամացւոց` եւ յելիցն արեւու` եւ յարաբացւոց , եւ ի կղզեաց ծովու: