Ա. Լոպուխին
Նա աղքատներին արդարությամբ պետք է դատի և երկրի վրա ապրող տառապյալների հարցերը պետք է լուծի ճշմարտությամբ: Իր շուրթերի գավազանով կհարվածի երկրին և Իր շուրթերի հոգով կոչնչացնի ամբարշտին: (Սինոդական թարգ․) [4]
«Նա աղքատներին արդարությամբ պետք է դատի»․ Արևելքի դատական գործընթացներում մշտապես լայն տարածում ուներ կաշառակերությունը, և աղքատները, որոնք ոչինչ չունեին դատավորներին տալու համար, հաճախակիորեն մեղավոր էին համարվում առանց որևէ համոզիչ ապացույցի: Եվ քանի որ այդ պատճառով հասարակ ժողովրդի կյանքը բավականին դժվարանում էր, ուստի մարգարեն իր ընթերցողներին առաջին հերթին մխիթարում է նրանով, որ Մեսիայի ժամանակաշրջանում աղքատ մարդիկ ևս դատի ժամանակ պաշտպանության կարժանանան:
«Շուրթերի գավազանով»․ Մեսիա-Թագավորի դատավճիռը գավազանի նման ծանր և անկոտրում (անբեկանելի) է լինելու:
«Շուրթերի հոգին» շունչն է: Այդ շունչն այնքան ահարկու և ուժեղ է լինելու, որ ոչնչացնելու է ամբարիշտներին:
Մեսիայի հարվածին ենթակա «երկիրը», ըստ էության, ամբողջ երկիր մոլորակն է, այլ ոչ թե ինչ-որ որոշակի պետություն, որովհետև հաջորդիվ (6-8-րդ, 10-րդ և 11-րդ համարներ) Մեսիան նկարագրվում է իբրև ողջ բնության և բոլոր ժողովուրդների թագավոր:
«Ամբարիշտ» հասկացության տակ կարելի է հասկանալ առհասարակ բոլոր ամբարիշտներին (այստեղ հոգնակի թվի փոխարեն կիրառվում է եզակի թիվը), որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ (հմմտ. Միք. 6:10-11; Հով. 3:2, 12; Զաք. 12):
Պողոս առաքյալի գրվածքներում այս համարի վերջին բառերը կրկնվում են՝ ցույց տալու համար, թե ինչպիսի արագությամբ է Քրիստոս ոչնչացնելու հակաքրիստոսի զորությունը (Բ Թես. 2:8):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին եւ իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին:
(Արարատ թարգ․) այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։
(Գրաբար) Այլ արասցէ իրաւունս տնանկին, եւ յանդիմանեսցէ զխոնարհս երկրի: եւ հարցէ զերկիր բանիւ բերանոյ իւրոյ. եւ հոգւով շրթանց իւրոց սատակեսցէ զամպարիշտս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: