Ա. Լոպուխին
5-6. «Իմ սիրտը ողբում է Մովաբի համար, նրանից դեպի Սեգոր են փախչում՝ մինչև երրորդ Էգել, լաց լինելով բարձրանում են Լուիթի վրա, Օրոնայիմի ճանապարհին ահարկու աղաղակ են բարձրացնում»։ [5] «Որովհետև Նեմերիմի ջրերը պակասել են, մարգագետինները՝ ցամաքել, խոտը չորացել է ու այլևս կանաչ չկա»: (Սինոդական թարգ․)
Մարգարեի հայացքը հյուսիսից հառնում է դեպի մովաբական երկրի հարավային կողմը: Մարգարեն չի կարող անտարբերությամբ նայել Մովաբին հասած դժբախտությունների վրա, ուստի և իր հառաչանքով մովաբական հարավային քաղաքներին զգուշացնում է նրանց պատուհասող գալիք դժբախտությունների մասին: Մարգարեն արդեն տեսնում է, թե ինչպես են մովաբացիները դեպի Սեգոր (եբրայերենում՝ «Ցոար») փախչում: Այդ քաղաքը գտնվում էր Մեռյալ ծովի հարավ-արևելյան ափին: Այստեղ այն անվանվում է «երրորդ Էգել», իսկ ավելի կոնկրետ՝ «երեք տարեկան հորթ» («էգլատ» նշանակում է հորթ), այսինքն՝ շատ հզոր ամրություն, որը դեռևս ոչ մի անգամ չի գրավվել թշնամիների կողմից, նման այն բանին, որ հորթը մինչև երեք տարեկանը չէր դրվում լծի տակ ու, հետևաբար, պահպանում էր իր բոլոր ուժերը (Պլինիոս Ավագ, Բնական պատմություն, VIII, 4-5):
«Բարձրանում են Լուիթի վրա» միտքն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել՝ «Լուիթական բարձունքին»: Սա այն ճանապարհն է, որով ողբաձայն ընթանում են մովաբացի փախստականները:
«Օրոնայիմի ճանապարհով», այսինքն՝ Մեռյալ ծով տանող ճանապարհով:
«Նեմերիմի ջրերը»։ Այս արտահայտությամբ մարգարեն նկատի ունի հյուսիսային կողմում գտնվող Բեթ-Նիմրա քաղաքը, որը պատկանում է Գադի ցեղին (Հս. 13:27): Այս քաղաքի շրջակայքում գտնվում էին հոյակապ արոտավայրեր, որոնց չորացման մասին է հենց մարգարեն խոսում: Նեմերիմի ակունքների ջրերն արդեն իսկ անհետացել են, և այդ իսկ պատճառով էլ մովաբացի փախստականներն ընթանում են դեպի հարավ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է: Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի:
(Արարատ թարգ․) Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։
(Գրաբար) սիրտ մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչչեւ ի Սեգովր, քանզի երինջ երեմեան է: Եւ ընդ ելսն Ղովիթա լալով ելցեն առ քեզ: ի ճանապարհի Արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: