Եսայու մարգարեության մեկնություն 16։13

Ա. Լոպուխին

13-14․ Սրանք են այն խոսքերը, որոնք Տերը մի ժամանակ ասաց Մովաբի մասին։ [13] Եվ այժմ նորից նույնն է ասում Տերը. «Երեք տարի անց՝ ըստ վարձկանների տարիների հաշվարկի, Մովաբի փառքը ամոթահար է լինելու իր բազմամարդ ողջ բնակչության հետ, և նրա մնացորդացը շատ սակավաթիվ ու աննշան է լինելու»: (Սինոդական թարգ․)
   
   Մովաբի այսպիսի ճակատագիրը վաղուց արդեն հայտնի էր: Այս խոսքերով մարգարեն ուզում է մատնանշել կա՛մ այն, որ Մովաբի մասին մարգարեությունն (գլ. 15 և 16՝ 12-րդ համարի համաձայն) իր կողմից վաղուց արդեն հրապարակվել էր, կա՛մ էլ այն, որ նրա մարգարեության մեջ պարունակվող տեղեկությունն ընդամենը կրկնությունն է այն հիմնական մտքի, որն ասվել էր դեռևս Մովսեսի (Թվ. 21:28-30) և վաղ շրջանի մարգարե Ամոսի կողմից (Ամ. 2:1-3):

   «Երեք տարի անց»։ Տերը մատնանշում է այն ճշգրիտ ժամանակահատվածը, երբ Մովաբին պատուհասելու են վերը թվարկված բոլոր աղետները: Ամենից հավանական է ենթադրել, որ այստեղ մատնանշված է այն ժամանկահատվածը (մինչ այն պահի սկիզբը), երբ որ առաջին անգամ խոնարհեցվելու է Մովաբի հպարտությունը: Մնացած անպատվություններին Մովաբը ենթարկվելու է հետագա ժամանակներում: Այն, որ Եսայի մարգարեն այստեղ նկատի չուներ Մովաբի վերաբերյալ իր կանխատեսումների ամբողջական իրագործումը, երևում է այն փաստից, որ Եսայուց հարյուր տարի հետո Երեմիա մարգարեն կրկին մարգարեանում է այն դատաստանի մասին, որին ենթարկվելու է Մովաբը (գլ. 48):

   «Ըստ վարձկանների տարիների»։ Սա ժամանակը որոշելու ամենահստակ և ճշգրիտ եղանակն էր: Վարձկանը, բնականաբար, ոչ մի դեպքում չէր շարունակի ծառայել տիրոջը պայմանավորված ժամանակից ավելի երկար, իսկ տերն էլ ոչ մի դեպքում վարձկանին բաց չէր թողնի նախքան այդ ժամանակի լրանալը: Հետևաբար, մարգարեն հստակ երեք տարի՝ ոչ ավելի և ոչ պակաս, է հաշվում այն բանի համար, երբ Աստծո ցասումն առաջին անգամ կպատուհասի Մովաբին: Թե երբ ու ինչ հանգամանքներում է իրականացել այս մարգարեությունը, դժվար է ասել, սակայն արդեն ասորեստանյան թագավոր Սենեքերիմը՝ Եսայի մարգարեի ժամանակակիցը, մովաբական Կամոսնադով թագավորին հիշատակում է այն տիրակալների շարքում, որոնք համբուրել էին իր ոտքերը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Սա է այն խօսքը, որ Տէրը մի ժամանակ ասաց Մովաբի մասին
(Արարատ թարգ․) Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։
(Գրաբար) Այս բան է զոր խաւսեցաւ Տէր երբեմն ի վերայ Մովաբու: