Ա. Լոպուխին
«Այսպես․ հիմարացրեցին Ցոանի իշխանին, փարավոնի իմաստուն խորհրդականների ժողովն անիմաստ դարձավ: Ինչպե՞ս եք դուք փարավոնին ասելու. «Ես իմաստունների որդին եմ՝ հինավուրց թագավորների զավակը»: (Սինոդական թարգ․) [11]
Ցոան, եգիպտերենով՝ Տաան, ներկայումս՝ Սան քաղաքը (Սեպտուագինտայի համաձայն՝ Տանիս), գտնվում էր Նեղոս գետից դեպի արևելք ընկած երկրորդ վտակի արևելյան ափին: Հյուքսոսների դարաշրջանում այն ստորին Եգիպտոսի մայրաքաղաքն էր, այդպես էր նաև Եսայի մարգարեի օրոք (հմմտ. 30:4): Եգիպտական իմաստունները հին ժամանակներում հայտնի էին ամբողջ աշխարհում, իսկ մայրաքաղաքի իմաստուններն, անկասկած, պետք է որ ավելի մեծ պատիվ վայելեին: Այս իմաստությունը կամ տարատեսակ գաղտնի գիտելիքները փոխանցվում էին հատկապես քրմերի կաստայի միջոցով՝ ժառանգաբար, հորից որդուն:
«Հինավուրց թագավորների զավակը»։ Եգիպտոսում փարավոնները հիմնականում ընտրվում էին քրմական դասից, ինչի պատճառով էլ հնագույն հեղինակները երբեմն փարավոններին հոգևորականներ էին անվանում:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ: Էլ ինչպէ՞ս կ՚ասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»:
(Արարատ թարգ․) Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։
(Գրաբար) Եւ յիմարեսցին իշխանքն Տայանու իմաստունք խորհրդականք թագաւորին. եւ յիմարեսցին խորհուրդք նոցա: Զիա՞րդ ասիցէք ցարքայն` թէ որդիք իմաստնոց եմք մեք, եւ որդիք թագաւորաց որ ի սկզբանէն էին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: