Եսայու մարգարեության մեկնություն 2։2

Ա. Լոպուխին

Եվ վերջին օրերին Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։ (Սինոդական թարգ․) [2]
   
   «Վերջին օրերին» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել որպես «ժամանակների վերջում»: Քանի որ հրեա ժողովրդի ամբողջ պատմությունը, մարգարեների ուսուցման համաձայն, ընթանում էր դեպի Մեսիան և Նրա թագավորությունը, ուստի վերջին օրերը կամ էլ ժամանակների ավարտը Եսայու, ինչպես նաև մյուս մարգարեների կողմից (հմմտ. Դան. 10:14) կոչվում է «Մեսիայի դարաշրջան»՝ առանց սահմանափակելու դրա մեջ ներառվող իրադարձությունները:

   Տիրոջ տան լեռն այն լեռն է, որի վրա հիմնված է տունը կամ, ավելի ճիշտ, Տիրոջ տաճարը: Դա հենց Մորիա լեռն է: Սակայն անկասկած է, որ այդ լեռան պատկերով խորհրդաբանորեն նկարագրվում է Քրիստոսի Եկեղեցին, քանի որ միայն հենց այդպիսի «լեռը», որը բացարձակապես ազատ է Մովսեսի օրենքի անվերապահ և ոչ միշտ տրամաբանական եղող սահմանափակումներից, կարող էր իր կողմը գրավել ամբողջ մարդկությանը, որը չի կարողանոմ համակերպվել հրեական ծիսական օրենքների դրույթների հետ: Քրիստոսի Եկեղեցին իրական ապաստարան է բոլոր մարդկանց համար, և երկրի վրա եղող որևէ բան չի կարող համեմատվել նրա հետ մարդկանց կյանքում թողած օգտակար ազդեցության հարցում: Մարգարեն հստակորեն շեշտադրում է այդ հանգամանքը՝ ասելով, որ Տիրոջ տան լեռը պետք է բարձրանա բոլոր լեռներից և բլուրներից վեր, այսինքն՝ վեր մարդկային բոլոր այն հաստատություններից, որոնք նպատակամիտված են կյանքի բարրօրության ապահովմանը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա:
(Արարատ թարգ․) Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։
(Գրաբար) Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն Տեառն. եւ տուն Աստուծոյ ի վերայ գլխոց լերանց: եւ բարձրասցի ի վերայ բլրոց. եւ եկեսցեն ի նա ամենայն հեթանոսք: