Ա. Լոպուխին
Եվ բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծո տունը, և Նա մեզ կսովորեցնի Իր ճանապարհները, ու մենք կգնանք Նրա շավիղներով»։ Չէ՞ որ Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից:(Սինոդական թարգ․) [3]
Այժմ ժողովուրդներն ընթանում են իրենց ճանապարհներով (Գործք. 14:16), ապրում են իրենց քմահաճույքների համաձայն, իսկ այն ժամանակ նրանք ցանկություն պետք է ունենան ընթանալու ա՛յն ճանապարհներով, որոնք նրանց ցույց կտա իրական Աստված, այսինքն՝ նրանք կգործեն համաձայն Աստծո օրենքների: Օրենքը նրանց ցույց կտա այդ նոր կյանքով ընթանալու ուղին, ա՛յն օրենք, որը դուրս է գալիս Սիոնից, այսինքն՝ ավետարանական ուսուցումը, որն իրապես Երուսաղեմից է սկսել տարածվել (Գործք. 1:8, Հռոմ. 15:16) աշխարհի մյուս երկրներում ու քաղաքներում: Թեոդորոս Երանելին այս խոսքը նկատում է իբրև ուղղակի մարգարեացում հեթանոս աշխարհի՝ դեպի քրիստոնեություն դարձի մասին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը: Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք»: Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից:
(Արարատ թարգ․) Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։
(Գրաբար) Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. եկայք ելցուք ի լեառն Տեառն եւ ի տուն Աստուծոյ Յակովբայ. եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա: Զի ի Սիոնէ ելցեն աւրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղէմէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: