Եսայու մարգարեության մեկնություն 2։4

Ա. Լոպուխին

Եվ Նա պիտի դատի ազգերին և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ: Ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու: (Սինոդական թարգ․) [4]
   

   Եվ Նա պիտի դատի: Դատելը հնագույն ժամանակներում արքայական իշխանության մենաշնորհն էր (Ա Թագ. 8:6): Հետևաբար, Տերը պետք է ճանաչվի որպես բոլոր ազգերի Թագավոր, և Նրա իշխանությունը պետք է ընդունվի ամենուր:

   Պիտի հանդիմանի բազում ժողովուրդների: Աստված՝ որպես բոլոր ազգերի թագավոր, նրանց մատնացույց կանի իրենց սխալակերպ կենցաղավարությունը, միայն թե ոչ բոլոր ժողովուրդները կենթարկվեն նմանատիպ հանդիմանությանը, և, իհարկե, դրա հետ կապված պատժին: «Պետք է,- ասում է Հերոնիմոս Երանելին,- տարբերություններ դնել ազգերի միջև․ ոչ բոլոր անհավատներն են նույնատիպ դատավճռով դատապարտվելու, այլ դատվելու են ըստ իրենց տարբեր արժանիքների՝ տարբեր պատիժներ կրելով»:

   Կձուլեն խոփեր: Այդ վերջին օրերին, ճշմարիտ վարդապետության՝ ամբողջ աշխարհով մեկ տարածման շնորհիվ, ազգերի միջև կավարտվեն գժտություններն ու պատերազմենրը, որոնք նախկինում այդքան ճնշում էին մարդկության կյանքը: Հնում բավականին ուժեղ էր առանձին մարդկանց եսակենտրոնությունը և ազգային եսասիրությունը, որը պետություններից մեկին ստիպում էր մյուս պետության հաշվին ընդլայնել իր տարածքները: Ընդ որում, Բարձրյալի նոր օրենքը տարածվում է անգամ մարդկանց հոգիների վրա, որոնք այդ օրենքի շնորհիվ պատրաստ են դառնում նույնիսկ ինքնազոհողության: Հասկանալի է, որ նմանատիպ վերազարթոնքի պարագայում մարդկությունն ինքնապաշտպանության և հարձակման նպատակով նախկինում կիրառվող միջոցների կարիք այլևս չի ունենալու, իսկ թրերը վերափոխվելու են խոփերի կամ, ավելի շուտ, ուրագների, որոնք օգտագործվում են խաղողի որթերի տնկման ժամանակ, իսկ սվիններն էլ վերածվելու են մանգաղների, որոնք կիրառվում են վերոնշյալ որթատունկերի էտման նպատակով:

   Թեև մարգարեն այստեղ խոսում է վերջին ժամանակների մասին, սակայն նրա մարգարեությունը մասամբ արդեն իսկ իրականացել է և իրականանում է այն քայլերի միջոցով, որոնք ձեռնարկվել են ու շարունակում են ձեռնարկվել քրիստոնյա մարդկության այն լավագույն ներկայացուցիչների կողմից, որոնք նախկինում առաջարկել են և մինչև օրս էլ առաջարկում են խաղաղարար զանազան միջոցներ՝ հարթելու համար ազգամիջյան դժվարությունները (Արբիտրաժի դատավարությունը և նմանատիպ այլ միջոցներ): Եվ քանի որ քրիստոնյա պետությունները ևս երբեմն անհրաժեշտություն են ունենում դիմելու պատերազմների, ուստի քրիստոնյաների մեջ ձևավորվել է այնպիսի պատկերացում, համաձայն որի այդ պատերազմները ողբերգալի անհրաժեշտություն են ներկայիս դեռևս ոչ կատարյալ բարոյական կարգավիճակում գտնվող մարդկության համար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների: Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի, եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել:
(Արարատ թարգ․) Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։
(Գրաբար) եւ դատեսցի ի մէջ հեթանոսաց, եւ յանդիմանեսցէ զժողովուրդս բազումս: Եւ ձուլեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, եւ զսուինս իւրեանց ի մանգաղս: եւ ոչ առնուցու ազգ յազգի վերայ սուր. եւ ոչ եւս ուսանիցին տալ պատերազմ: