Եսայու մարգարեության մեկնություն 20։3

Ա. Լոպուխին

3-4․ Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի քայլեց մերկ ու բոկոտն՝ ի նշան և զգուշացում Եգիպտոսի ու Եթովպիայի համար։ [3]«Այդպես էլ Ասորեստանի թագավորը Եգիպտոսից գերիներ ու Եթովպիայից գաղթականներ պետք է տանի՝ երիտասարդ ու ծեր, մերկ ու բոկոտն և մեջքը բաց՝ խայտառակելով եգիպտացիներին»: (Սինոդական թարգ․)
   
   3-4-րդ համարներ։ Այս պատգամը ստանալուց երեք տարի հետո Եսայի մարգարեին պատվիրված էր հրեա ժողովրդին բացատրել այդ սիմվոլիկ գործողության իմաստը: Դա նշանակում էր, որ այդպես մերկ ու բոկոտն գերիների են ասորեստանցիներն իրենց հետ տանելու Եգիպտոսից ու Եթովպիայից՝ այն պետություններից, որոնց հետ այդ ժամանակ հրեաները մեծ հույսեր էին կապում: Եգիպտոսի այդ պարտությունը շատ մեծ տպավորություն էր թողնելու Պաղեստինի բոլոր ժողովուրդների վրա:

   Երեք տարին սիմվոլիկ թիվ է, որը որոշակի տևական ժամանակահատված է ենթադրում: Մարգարեն իր այդ սիմվոլիկ գործողությունն այսքան երկար է շարունակում նրա համար, որպեսզի առավել չափով իր վրա սևեռի համաքաղաքացիների ուշադրությունն ու նրանց հետաքրքրությունը դարձնի այս նշանների իմաստի վրա: Ամբողջ երեք տարիների ընթացքում մարգարեն չէր բացահայտում այդպես քայլելու իմաստը, և միայն երեք տարի անց է բացահայտում այն:

   «Պետք է տանի․․․»։ Սա իրականություն է դառնում ասորեստանյան Ասարհադոն թագավորի օրոք (681-668 թվերին), որն իրեն կոչում էր «Եգիպտոսի արքայից արքա» և որը հաղթեց Տիրգակա թագավորին՝ Եթովպիայի ու Եգիպտոսի արքային, և նրա հպատակներից շատերին գերության տարավ: Եգիպտոսը պարտություն է կրում նաև Ասարհադոնի որդու՝ Աշուրբանիպալի կողմից (668-626 թթ.), որը գրավում է Նո կամ Ֆիվի քաղաքը, որտեղ թաքնվում է Տիրգակայի հաջորդ Ռուդ-Ամմոնը, ու կրկին ասորեստանցիների արքան բազմաթիվ եգիպտացիների գերության է տանում Ասորեստան:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց. «Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ի ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար,
(Գրաբար) Եւ ասէ Տէր. զոր աւրինակ գնայ ծառայ իմ Եսայի մերկ եւ բոկ, այդպէս զերիս ամս եղիցին նշանք եւ արուեստք եգիպտացւոցն, եւ եթեովպացւոց: