Եսայու մարգարեության մեկնություն 21։13

Ա. Լոպուխին

Պատգամ Արաբիայի մասին։ Արաբական անտառում գիշերեք, Դեդանի՛ քարավաններ։ [13] (Սինոդական թարգ․)

   

   Համարներ 13-17։ Նաև Արաբիան է տուժելու ասորեստանցիների արշավանքներից։ Արաբական քարավանները պետք է թաքնվեն թփերի մեջ և թշնամիներից խույս տալու համար ապաստան փնտրեն սիրիական անապատի արաբների մոտ: Մարգարեն կանխագուշակում է Կիդարի որդու նախկին փառքի կորուստը։

   «Արաբիա» – սա փոքր Ասիայի մեծ թերակզին է, որը գտնվում է Պաղեստինից հարավ-արևելքում՝ Կարմիր ծովի և Պարսից ծոցի միջև։ Սակայն ակնհայտ է, որ Եսայու մոտ այդ անունը (եբր․՝ «arav») նշանակում է ոչ այնքան հստակ մի երկիր կամ էլ ազգություն, որքան մատնանշում է ընդհանուր առմամբ քոչվոր ցեղերի, որոնց մի մասն ապրում էին Սուրբ Երկրից դեպի արևելք և հարավ-արևմուտք ձգվող անապատներում, իսկ հիմնականում սփռված էին այսպես կոչված անապատային Արաբիայում կամ Սիրիական անապատում (հմմտ․ Բ Մնաց․ 17։11, 22։1, 26։7)։ Հնագույն ժամանակներում այս անապատը խիտ բնակեցված էր։ Նրա բնակիչները պատկանում էին սեմական ժողովուրդների խմբին, չնայած որ հարավում ապրում էին նաև քուշիտական ցեղերը։ Ավելի ճիշտ, հիմնվելով Ծննդոց գրքի վրա, նրանց կարելի է բաժանել հեկտանների, քետուրացիների և իսմայելացիների (ընդհանրապես արաբները եբրայեցիների հետ հազվադեպ էին փոխհարաբերությունների մեջ մտնում և նրանց հետ թշնամություն չէին անում)։

   «Արաբական անտառում», եբր․՝ «բայաար բաարավ», ասել է թե՝ «Արաբիայում՝  թփերի մեջ»։ Հնագույն ժամանակներում արաբական անապատի ծայրամասերում քիչ չէին նմանատիպ թփերը կամ մացառուտները։

   «Դեդանի քարավաններ»։ Դեդաններն արաբական ցեղեր էին, որոնք առաջացել էին Աբրահամից՝ Քետուրայի միջոցով (Ծննդ․ 25:3)։ Այդպիսի անվանումով քուշիտական ծագմամբ ևս մի ցեղ գոյություն ուներ (Ծննդ․ 10:7), սակայն այստեղ ակնհայտորեն ի նկատի է առնվում ա՛յն ցեղը, որն առաջացել էր Աբրահամից և բնակվում էր Եդովմի մոտակայքում, ինչը ենթադրելի է նրանից, որ մարգարեն տվյալ ցեղի մասին խոսում է Եդովմի մասին խոսելուց հետո։ Այս ցեղի անվան հետքերը պահպանվել են Ակաբից հյուսիս-արևմուտք ընկած և այժմ ավերակների վերածված Դայդանի քաղաքի անվանման մեջ։ Հետաքրքրական է նաև, որ այս ցեղը Սիրիայի հետ առևտուր էր անում այնպիսի ապրանքների միջոցով, որոնք գալիս էին Հնդկաստանից և Եթովպիայից (փղոսկր, կարպետներ և այլն)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Պատգամ արաբացիների մասին: Գիշերները կը ննջես անտառում, Դոդանիմի ճանապարհին:
(Արարատ թարգ․) Արաբիայի պատգամը։ Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։
(Գրաբար) Առած ի վերայ արաբացւոց: Ընդ երեկոյս ննջեսցես յանտառի ճանապարհին դովդանիմ: