Ա. Լոպուխին
Մարգարեություն Տյուրոսի մասին։ «Ողբացե՛ք, Թարսիսի նավեր, քանի որ նա կործանված է, տներ չկան, և ոչ ոք չկա, որ տուն մտնի։ Այսպես նրանց հայտարարվեց Կիտացիների երկրից»։ [1] (Սինոդական թարգ․)
Դեպի Տյուրոս նավեր էին գնում հեռավոր տյուրոսյան գաղութից՝ Տարտեսսայից, սակայն այդ նավերին Միջերկրական ծովի կղզիներից հայտնում են, որ Տյուրոսն այլևս գոյություն չունի։ Ինչքա՜ն մեծ էր այս համաշխարհային առևտրական քաղաքի նշանակությունը։ Այստեղ ապրանքներ էին բերվում ամբողջ աշխարհից, և այստեղից մատակարարվում էին տարբեր երկրներով մեկ։ Այդ պատճառով բոլորը զարմացել էին քաղաքի անկման մասին լուրից, և հատկապես զարմացել էին իրենք՝ փյունիկեցիները, որոնք այժմ պետք է ապաստարաններ փնտրեին օտար երկրներում։
Տյուրոսը, (եբրայերեն՝ «Ցոր» - «կիրճ», «ժայռ»), լինելով Փյունիկիայի երբեմնի գլխավոր քաղաքը, ներկայումս իրենից ներկայացնում է մի ոչ մեծ և աղքատիկ քաղաք այնպիսի մի խղճուկ շուկայի նմանությամբ, որում գլխավորապես վաճառվում են լոբի, ծխախոտ, մրգեր և կիտրոն։ Մի խումբ խղճուկ, մեկ կամ երկու հարկանի տներ, փողոցների փոխարեն կեղտոտ նրբանցքներ, ահա և ներկայիս ողջ Տյուրոսը (Գեյկի, Սուրբ Երկիր, էջ 1059)։ Ծովի ափով դեպի հարավ ձգվող ժայռերում հին տյուրոսացիները կառուցել էին նավահանգիստներ, ապաստարաններ, նավաշինարարական փոքրիկ կառույցներ և քաղաքը շրջափակել էին հիասքանչ պարիսպով։ Այդ պարսպի մնացորդները տեսանելի են նաև այսօր, պահպանվել է նաև այն պատնեշը, որը հնում ևս միավորում էր կղզու վրա կառուցված Տյուրոսը ծովի ափին գտնվող ցամաքային Տյուրոսի հետ։ Այդ պատնեշը փլուզվել էր Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, որպեսզի վերջինս անխոչընդոտ գրավեր կղզու վրա տեղակայված Տյուրոսը։ Տյուրոսացիները Տյուրոսի երկու մասերը անվանում էին «սառա»։ Հին կամ ցամաքային Տյուրոսը գտնվում էր պտղատու հարթավայրում և իրենից ներկայացնում էր մի հիասքանչ այգի (Ովս․ 9:13)։ Այստեղ էր գտնվում հնագույն թագավորական ամրոցը և Մելկարտայի կամ Հերակլի սրբարանը, և դա այն դեպքում, որ Տյուրոս կղզին լեցուն էր տարբեր ամբարներով և նավաստիների համար կառուցված տներով։ Հին Տյուրոսը թշնամիների կողմից առաջին անգամ տուժեց Սալմանասսարի արշավանքի ժամանակ՝ 729 թվականին, իսկ այնուհետև տեղի ունեցած քաղդեացիների, պարսիկների և հույների հարձակումները (հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը) աստիճանաբար ավելի ու ավելի ավերեցին այն։ Բացի այդ Տյուրոսին քիչ վնաս չպատճառեցին նաև երկրաշարժերը․ այսպես՝ 523 թվականին այս քաղաքն ամբողջովին ավերվեց երկրաշարժի պատճառով։ Ավանդության համաձայն Տյուրոսը հիմնադրվել էր Ք․ա․ 2750 թվականին։
«Թարսիսի նավեր» – Ես․ 2:16։
«Նա», այսինքն՝ Տյուրոսը։
«Նրանց․․․», այսինքն՝ նավավարներին, որոնք Թարսիսից գնում էին Տյուրոս։
«Ոչ ոք չկա․․․», ավելի ճիշտ՝ «ապաստան չկա»։
«Կիտացիների երկիր» – նկատի ունի Միջերկրական ծովի կղզիներն առհասարակ, և մասնավորապես՝ Կիպրոսը (Ծննդ․ 10:4, Թվ․ 24:24), որն ընկած էր Տյուրոսից Թարսիս տանող ծովային ճանապարհին։
Condamin-ը ամբողջ համարն այսպես է թարգմանում․ «Ողբացե՛ք, Թարսիսից եկող նավեր, որովհետև ձեր նավահանգիստը կործանված է» - այս մասին նրանց հայտնում են Կիտացիների երկրից վերադառնալիս։
------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ Տիւրոսի մասին Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին:
(Արարատ թարգ․) Տյուրոսի մասին պատգամը։ «Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ»։ Կիտացիների երկրից իմաց տրվեց նրանց։
(Գրաբար) Ողբացէք նաւք կարքէդովնացւոց, զի կորեան եւ ոչ եւս գայցեն յերկրէն կիտացւոց. վարեցան ի գերութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: