Եսայու մարգարեության մեկնություն 26։14

Ա. Լոպուխին

14-15․ Մեռյալները չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու, որովհետև Դու այցելեցիր և կործանեցիր նրանց ու ոչնչացրեցիր նրանց մասին յուրաքանչյուր հիշողություն։  [14] Դու բազմացրեցիր ժողովրդին, Տե՜ր, բազմացրեցիր ժողովրդին և փառաբանվեցիր ու ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։ (Սինոդական թարգ․)
   
   «Մեռյալները չեն կենդանանալու»։ Մարգարեն արտահայտում է հինկտակարանյան մարդկանց համընդհանուր տեսակետը, ըստ որի՝ մահվան  կապանքներից ազատվելու հնար չկա (Հոբ 7։9 և այլն, 10։21, 16։22)։

   «Ուրվականները չեն կանգնելու»։ Նրանք՝ այն ագրեսորները, ոչնչություն են դարձել և վերածվել են անզոր ստվերների («ուրվականներ» - հմմտ․ Ես․ 14:9, Առ․ 2։18, 9։18, Հոբ 26։5) ու այլևս անկարող են կյանք վերադառնալ․ այդպես էին ասում հնագույն ժամանակների մարդիկ։

   «Որովհետև Դու այցելեցիր նրանց», այսինքն՝ հատկապես ա՛յդ բանի համար Դու այցելեցիր նրանց, և այլն (եբրայերեն «լահեն» բառն այդպիսի նշանակություն ունի)։ Մարգարեն ցանկանում է ասել, որ մահվան նշանակությունը հատկապես ա՛յն է, որ նրան ենթարկվածներն այլևս վերակենդանանալու հնարավորություն չունենան։ Այդ պատճառով էլ Աստված վերացրեց նրանց մասին ցանկացած հիշողություն 1:

   «Դու բազմացրեցիր ժողովրդին»։ Այստեղ շարունակվում է խոսք գնալ մահվան միևնույն զորության մասին։ Եվ որովհետև մահվան թագավորությունից ոչ ոք չէր կարող դեպի կյանք վերադառնալ, այդ թագավորության  բնակիչները (ժողովրդի ներկայացուցիչները) անընդհատ բազմանում և բազմանում էին։ Շեոլն անընդհատ նորանոր բնակիչների է ընդունում, իսկ նախկին բնակիչներից որևէ մեկին էլ բաց չի թողնում։ Մեռյալների թագավորության բնակիչների այդ աստիճան ավելացումը միևնույն ժամանակ Աստծո փառաբանությունն է («փառաբանվեցիր»), քանի որ այդպիսով իրականանում է մարդու հանդեպ Աստծո դատաստանը․ «Քանի որ դու հող էիր, և հող կդառնաս (Ծննդ․ 3:19), ապացուցվում է Տիրոջ զորությունը և մարդու ոչնչությունը (հմմտ․ Ես․ 5:14 և այլն)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ: Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին.
(Արարատ թարգ․) Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։
(Գրաբար) Իսկ մեռեալք` զկեանս ոչ տեսանիցեն, եւ բժիշկք ոչ յարուսցեն: Վասն այսորիկ ածեր սատակեցեր եւ կորուսեր զամենայն արու նոցա: