Ա. Լոպուխին
Այդ օրը Տերն Իր ծանր, մեծ և ամուր սրով կհարվածի լեվիաթանին՝ ա՛յն օձին, որն ուղիղ է փախչում, լեվիաթանին՝ այն ոլորվող օձին, և կսպանի ծովային հրեշին։ [1] (Սինոդական թարգ․)
Համաշխարհային հզորագույն տերությունները, որոնց մարգարեն ներկայացնում է հսկայական հրեշների կերպարանքներով, պիտի խոցվեն Աստծո դատաստանի կողմից, և այդ օրն Իսրայելը մի երգ պիտի երգի, որի միջոցով էլ պիտի խոստովանի, որ Տերը միշտ էլ Իր ընտրյալ ժողովրդին ավելի ողորմածորեն է վերաբերվել, քան հեթանոսական ժողովուրդներին։ Բացի այդ, եթե այդ թշնամական ուժերը կրկին ցանկանան վնասել Իսրայելին, ապա Աստված վերջնականապես կոչնչացնի նրանց, եթե իհարկե նրանք Տիրոջ հետ խոնարհաբար համաձայնագիր չկնքեն։ Իսկ ապագայում էլ Իսրայելին կատարյալ բարեկեցություն է սպասվում, և դա կասկածի ենթակա չէ, քանի որ այն հիմնված է Աստծո՝ նախկինում Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների վրա։
Սուրբ Գրքում Իսրայելի թշնամիները հաճախ պատկերվում են հրեշի կերպարանքով (հմմտ․ Սաղմ․ 67։31, 73։13, Դան․ 8։3 և այլն, Հայտն․ 12։3, 13։1)։ Աստծո թագավորությունը ներկայացվում է մարդուն բնորոշող առանձնահատուկ գծերով (Դան․ 8:13), իսկ երկրային ուժերը ներկայանոմ են կենդանու կամ գազանի կերպարանքով, ասել է թե՝ դաժան ու անսիրտ։
Լեվիաթանը (որ թարգմանվում է՝ «կապված») կոկորդիլոսի անվանումն է (Հոբ 40 և 41), սակայն այստեղ՝ Եսայու մարգարեության մեջ այն անկասկած հանդես է գալիս «հսկայական օձ» նշանակությամբ, ինչպես որ դա երևում է ա՛յն բնութագրումներից, որոնք տրվում են այս կամ այն լեվիաթանին («ուղղընթաց» և «ոլորվող» օձ) և բացարձակապես չեն համապատասխանում կոկորդիլոսի հատկանիշներին։
«Ուղիղ փախչող օձ» – դա Տիգրիս գետն էր, որը նետի պես ուղիղ էր հոսում (ինքը՝ գետի անունը (hadiglath) ասորեստանցիների ընկալմամբ հենց «նետ» իմաստն էր արտահայտում)։ Այս խոսքով մարգարեն ակնարկում է այդ Տիգրիս գետի հոսանքի մերձակայքում գտնվող Ասորեստանյան տերությունը։
«Ոլորվող օձ» – սա էլ Եփրատ գետն է, որը չափազանց հարուստ էր ոլորաններով և շրջադարձերով ու այդ իսկ պատճառով էլ նմանվում էր ոլորվող օձի։ Այստեղ մարգարեն ակնհայտորեն ի նկատի ուներ Բաբելոնական թագավորությունը, որի գլխավոր քաղաքը՝ Բաբելոնը, գտնվում էր Եփրատ գետի ափին։
«Ծովային հրեշ» (եբր․՝ «տօննին») – դա, անկասկած, Եգիպտոսն է, որը հաճախ այսպես է անվանվում թե՛ Եսայու մարգարեության մեջ, և թե՛ Սրբազան մյուս գրություններում (Ես․ 51։9, Սաղմ․ 73։13 և այլ տեղիներում)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով վիշապին:
(Արարատ թարգ․) Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ածցէ Տէր զսուրն սուրբ եւ զմեծ եւ զհզաւր ի վերայ վիշապ աւձին փախուցելոյ, եւ ի վերայ վիշապ աւձին կամակորի. եւ սպանցէ զվիշապն ի մէջ ծովուն

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: