Ա. Լոպուխին
Եվ սրա միջոցով կհարթվի Հակոբի անօրինությունը, և այս ամենի պտուղը կլինի նրա՝ մեղքերից մաքրվելն այնժամ, երբ որ նա զոհասեղանների բոլոր քարերը կվերածի կրաքարի կտորների, և այլևս չեն կանգնի աստարովթներն ու արևի կուռքերը։ [9] (Սինոդական թարգ․)
«Սրա միջոցով»։ Քամու զորեղ շունչը ոչ միայն իր ճանապարհին կործանում է ամեն ինչ, այլև միևնույն ժամանակ մաքրում է երկրի օդն ամեն տեսակի կեղտոտ վարակներից։ Այդպիսին է նաև Աստծո պատիժը, որը թափվում է Իսրայելական ժողովրդի վրա (գերության միջոցով)․ այն պետք է բարերար ազդեցություն ունենար ժողովրդի բարոյական վիճակի վրա՝ նրա միջից վերացնելով խստասրտությունը և Տիրոջ օրենքի հանդեպ անհնազանդությունը։ Այդ ամենի արդյունքում էլ մեղքը կամ մեղավորությունը վերացվում է Իսրայելի վրայից։
«Երբ որ նա զոհասեղանների բոլոր քարերը կվերածի կրաքարի կտորների»։ Իսրայելի սրբացման պտուղները պետք է արմատավորված լինեն Մովսեսի առաջին պատվիրանն իրականացնելու վրա, որն արգելում է կռապաշտությունը։ Իսրայելն իր կուռքերի զոհասեղանների քարերը լիովին անպիտան կդարձնի կուռքերի նոր զոհասեղաններ պատրաստելու համար։ Պաղեստինում քարը մեծավ մասամբ կրաքարե բաղադրություն ունի, և այդ պատճառով էլ հեշտությամբ կարող է վերածվել կրի։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ուստի Յակոբի անօրէնութիւնը պէտք է վերանայ, եւ այս է լինելու նրա օրհնութիւնը, երբ ազատեմ նրան իր մեղքերից: Այն ժամանակ նրա մեհեանների բոլոր քարերը մանր փոշու պէս պիտի փշրեն, այլեւս չեն պահպանուելու նրանց պաշտամունքի կուռքերը,
(Արարատ թարգ․) Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,
(Գրաբար) Վասն այսորիկ բարձցի անաւրէնութիւն Յակոբայ. եւ այս է աւրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա: ի ժամանակի յորում մանրեսցես իբրեւ զփոշի մանր զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի եւս մնասցեն գործք պաշտմանցն նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: