Ա. Լոպուխին
13-14․ Եվ Տերն ասաց․ «Քանի որ այս ժողովուրդն իր շուրթերով է Ինձ մոտենում և իր լեզվով է պատվում Ինձ, իսկ նրա սիրտն Ինձանից հեռու է մնում և Իմ հանդեպ նրանց հարգանքը մարդկային պատվիրանների ուսուցման հետևանքով է։ [13] Դրա համար էլ ահա ես այսուհետև առավել զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ, այնպես որ նրա իմաստունների իմաստությունը պիտի կորչի, և նրանց հանճարեղների հանճարը պիտի խափանվի»։ (Սինոդական թարգ․)
Աստծո մարգարեի խոսքերն ունկնդրել չցանկացող հրեական քաղաքական գործիչները և մնացյալ հրեաներն ամեն դեպքում արտաքուստ շարունակում էին իրենց Տիրոջ երկրպագուներ համարել։ Հենց այդպիսի սուտ աստվածապաշտությունն է այստեղ մարգարեն պախարակում և միաժամանակ հայտնում է, որ Տերը ամոթահար է անելու նրանց իմաստությունը, որով նրանք հպարտանում էին։ Աստված Ինքն Իր ամենակարող զորությամբ կհարվածի հպարտ ասորեստանցիներին և կբարձրացնի Հուդային։ Արդյունքում Տերն Իր շնորհով կբարձրացնի ստորացվածին, իսկ բռնություն գործադրողներն ու ստախոսները կկործանվեն։ Սրա շնորհիվ էլ Հակոբի սերունդները հեռավոր ապագայում ամեն իրավիճակում կխոնարհվեն Բարձրյալի առջև։
Ակնհայտ է, որ հրեաներն ամեն գնով ցանկանում էին ապրել իրենց կյանքով և հատկապես քաղաքականության մեջ ուզում էին ընթանալ իրենց նախընտրած ճանապարհներով, չնայած որ արտաքուստ՝ տեսանելի աստվածապաշտության միջոցով էլ ցանկանում էին կապ պահել Բարձրյալի տաճարի հետ։ Դրա համար որպես պատիժ է լինելու այն, որ Տերը, ինչպես որ անցյալում անում էր, ապագայում («առավել զարմանալի բաներ եմ անելու») նույնպես ամոթահար է անելու նրանց խորամանկ մտադրությունները։ Տերը հրեա ժողովրդի հետ զարմանահրաշ և ապշեցուցիչ ձևով է վարվելու, այսինքն՝ նրանց համար բոլորովին անսպասելիորեն պատիժ և փրկություն է առաքելու նրանց։ Շատ հավանական է, որ այստեղ մարգարեություն է հնչում Եզեկիա թագավորի օրոք ասորեստանցիների շրջափակումից Երուսաղեմի ազատագրության վերաբերյալ։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում:
(Արարատ թարգ․) Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։
(Գրաբար) Եւ ասէ Տէր. մերձ է առ իս ժողովուրդս այս բերանով իւրով, եւ շրթամբք իւրեանց պատուեն զիս. եւ սրտիւք իւրեանց հեռացեալ մեկուսի են յինէն. զուր պաշտեն զիս, ուսուցանեն զպատուէրս մարդկան` եւ զվարդապետութիւնս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: